Արտեմ Ասատրյան. Կենսաթոշակային բարեփոխումը ամենաբարդ ռեֆորմն է
21/03/2014 20:00

Արտեմ Ասատրյան. Կենսաթոշակային բարեփոխումը ամենաբարդ ռեֆորմն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ մարդկանց մոտ կենսաթոշակային բարեփոխումների, դրանց տրամաբանության, նպատակների, օրենքի դրույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության պակաս կա։ Այս մասին նախարարն ասել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:  

«Կենսաթոշակային բարեփոխումը ցանկացած երկրում ամենաբարդ ռեֆորմն է։ Եվ պետք է լավ մասնագետ լինել՝ բոլոր ասպեկտներին տիրապետելու համար։ Մենք ունենք խնդիր՝ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներին հնարավորինս մատչելի ներկայացնելու ճշգրիտ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում արվում է մանիպուլյացիա. ոչ մասնագետները խոսում են բարեփոխումներից՝ նույնիսկ իրենք տեղյակ չլինելով դրանց մասին և ապակողմնորոշելով քաղաքացիներին, ինչն անընդունելի է։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան հասցնենք քաղաքացիներին, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»,- նշել է նախարարը։

Պետական բժշկական համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լյուդվիգ Պետրոսյանը նշել է, որ իր մտահոգությունները մասամբ փարատվեցին։ Նա կցանկանար, որպեսզի ավելի հստակ ինֆորմացիա ստանար, թե կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները նախկինում որ երկրներում քանի տարի են աշխատել, ինչ ցուցանիշներ են գրանցել, բնակիչների համար միջինում ինչ եկամտաբերություն են ապահովել։

«Ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այլ տարբերակով մենք չենք լուսաբանվում։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող մուլտիկները չեն կարող համոզիչ լինել։ Մեզ ավելի մանրամասն, հանգամանալի բացատրություն էր պետք, ինչն այսօր փորձում են անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ պաշտոնյաներ»,- ասել է Լյուդվիգ Պետրոսյանը։
Նշենք, որ հանդիպմանը, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով, մասնակցել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է.

«Հիմնադրամը քննարկումներ կազմակերպելու առաջարկով դիմել է տարբեր շահագրգիռ խմբերի, այդ թվում «Դեմ եմ» շարժմանը։ Վերջիններից, սակայն, դեռ պատասխան չի ստացվել։ Հուսով ենք, որ նման քննարկում տեղի կունենա նաև նրանց հետ»,- նշել է Կարեն Ավագյանը։

Արտեմ Ասատրյան. Կենսաթոշակային բարեփոխումը ամենաբարդ ռեֆորմն է