.jpg)
Նախագահը՝ պետական մրցանակի դափնեկիրներին. Շարունակե՛ք հարստացնել մեզ
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանարապետության 2013 թվականի պետական մրցանակների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք և տալ մեր գնահատականը:
«Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն:
Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն ընդհանրապես և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր մաշտոցներ և կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում:
Հայոց պետության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի՛ մրցանակակիրներ, հենց դրա համար: Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով:
Ես խոսում եմ հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք ձևավորելու մասին: Սրանք ուղղակիորեն փոխկապակցված գործընթացներ են: Մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը: Բազմահազարամյա շղթայի այսօրվա օղակները հենց դու՛ք եք, հարգելի՛ մրցանակակիրներ, և մենք հպարտ ենք ձեզնով:
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ»,-ասաց Նախագահը:
Նախորդող հրապարակում՝ Միլիտոնյանը պատրաստվում իր պետական մրցանակով նոր գրքեր տպել
Հանձնվեցին պետական մրցանակները. Թատրոնի ոլորտը մնաց ձեռնունայն
Սերժ Սարգսյանը՝ Ելենա Ֆետիսովայի՝ ՀՀ պետական մրցանակից հրաժարվելու մասին