.jpg)
Ճարտարապետության ոլորտում պետական մրցանակը կիսվեց
Այսօր նախագահի նստավայրում կայացած ՀՀ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ միակ ոլորտը, որում մրցանակակիր չեղան, թատրոնն էր: Գնահատող հանձնաժողովի նախագահ Անելկա Գրիգորյանն ասաց, որ իրենք 7 հայտ են ստացել, սակայն այդ 7 ներկայացումներից որևէ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորները. «Այնպես, որ մենք ձեռնունայն ենք ու առանց արդյունքի, բայց նաև առանց մեղքի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց միակ ձեռքբերումն այն էր, որ պահպանել են կարգը և քվերակել են ազնիվ:
Ընտրության հարցում չէին կողմնորոշվել նաև ճարտարապետները, սակայն այստեղ մրցանակը ոչ թե չսատացան, այլ ստացան միանգամից երկու հավակնորդներ: Գնահատող հանձնաժողովի նախագահ Սաշուր Քալաշյանն ասաց, որ ձայները հավասար կիսվել են, և երբ որոշվել է կրկնկի քվեարկություն անել, հանձնաժողովի անդամները հրաժարվել են՝ ասելով, որ իրենք չեն փոխի իրենց կարծիքը. «Ես շատ հուսահատված արձանագրությունն ուղարկեցի Նախագահի աշխատակազմ: Գիտեք՝ 2011-ին էլ այս ոլորտում մրցանակ որևէ մեկին չէր շնորհվել և ստացվում էր, որ այս տարի էլ որևէ մեկը չի ստանա, քանի որ կանոնակարգով՝ հավասար ձայների դեպքում՝ հարցն այդպես է վճռվում: Սակայն հետագայում ուրախալի լուր լսեցի, երբ իմացա, որ նախագահը որշել է մրցանակը կիսել երկու ճարտարապետների միջև»,- ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ երկու կառույցները, որ ստացել են մրցանակները, տաճարներ են հայ ժողովրդի համար. «Ես անձերին չեմ շնորհել, ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Վստահություն ունեմ. ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»:
Նշենք, որ ճարտարապետության ոլորտում մրցանակ ստացան Արթուր Մեսչյանը՝ ««Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքի, վերակառուցված գլխավոր մասնաշենքի և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ Ղուլյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի համար: