.jpg)
Տիգրան Սարգսյան. Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ
Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այս մասին, պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին, ԵԺԿ գագաթնաժողովին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,-ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը:
«Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է. «Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական և պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը և բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։