ՏՄՊՊՀ-ն կքննարկի նռան տեսքով գինու շշերի հայտը
22/03/2014 16:31

ՏՄՊՊՀ-ն կքննարկի նռան տեսքով գինու շշերի հայտը

«էդվարդ գրուպի» սեփականատեր Վահագն Գևորգյանը նռան տեսքով գինու շշերի խնդրով դիմել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով: Նա նշել է, որ 2006 թ-ին դիմել է Մտավոր սեփականության գործակալություն: Նրա խոսքով՝ Իջևանի գինու, կոնյակի գործարանը, «Վեդի ալկոն», «Մարան» ընկերություններն օգտագործում են նռան տեսքով գինու շշեր: Վահագն Գևորգյանը նշում է, որ այդ շիշը պատկանում է իրեն, իսկ  նշված ընկերությունները շփոթություն են առաջացնում սպառողների մոտ:

Նռան տեսքով գինու շշերի խնդիրը քննարկվում է Ծաղկաձորում ընթացող ՏՄՊՊՀ սեմինարի շրջանակներում:

Մարան ընկերության տնօրեն, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ 1990-ական թվականներից երեք գինեգործական ընկերություններ արտադրել են նռան տեսքով կերամիկական և հետո ապակե շշերով գինիներ: Ըստ նրա՝ աբսուրդ է ազգային արժեքը, որը նուռն է, գրանցել որպես մտավոր սեփականություն: Միաժամանակ փաստեց, որ գինեգործական ընկերություների նռան շշերը տարբերվում են միմյանցից:

Իջևանի գինու կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը իր հերթին նշեց, որ նուռը ազգային խորհրդանիշ է և պատկանում է բոլորին և բոլորը պետք է կարողանան օգտվել այդ արտոնությունից:

«Նռան տեսքով գինու շիշն ավելի երկար պատմություն ունի և շատ վաղուց է արտադրվում, երբ դեռ Վահագն Գևորգյանը չէր գրանցել մտավոր սեփականությունում»,- ասաց Ա. Եգորյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ամփոփեց, որ երբեմն անհատը գրանցում է մտավոր սեփականության իրավունքը` փորձելով սամանափակել մրցակցությունը.

«Որոշ ընկերություններ բրենդ են կայացնում, սակայն մտավոր սեփականության իրավունքները չեն գրանցում, հետո հայտնվում են տնտեսվարողներ` գրանցում են մտավոր սեփականության գործակալությում, և փորձում են մենաշնորհային դիրք զբաղեցնել, խաթարում են մրցակցությունը, այսօր այսպիսի դեպքերը բազմաթիվ են»,- ասաց Արտակ Շաբոյանը, հավելելով, որ այս ուղղությամբ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ կատարել:

ՏՄՊՊՀ-ն կքննարկի նռան տեսքով գինու շշերի հայտը