.jpg)
Ղրիմում փորձ է արվում Ռուսաստանի դեմ կրկին գործի դնել «չեչենական սցենարը»
Չնայած առայժմ հայտարարությունների մակարդակով, սակայն Ղրիմում փորձ է կատարվում Ռուսաստանի դեմ կրկին գործի դնել, այսպես կոչված, «չեչենական սցենարը», ընդ որում` նորից թուրքական անմիջական մասնակցությամբ:
Այդ մասին է վկայում մասնավորապես Ղրիմի թաթարական պետականության վերականգման մասին ոմն Նեդիմ Խալիլովի հայտարարությունը, որը տարօրինակ զուգադիպությամբ բարձրաձայնվում է Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևի (Ղըրըմօղլուի) Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո:
Ըստ նույն Մ. Ջեմիլևի՝ Ղրիմի ճակատագրի հանդեպ Անկարան, իբր, անտարբեր չէ ոչ միայն պատմական պատճառներով, այլ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայում բնակվում են տասն անգամ ավելի շատ ղրիմյան թաթարներ, քան հենց բուն թերակղզում:
Տարօրինակն այն է, որ Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահն ուղղակի մոռանում է նշել, որ ի տարբերություն Ռուսաստանի, որը նույնիսկ երկրի նախագահի մակարդակով ճանաչում է այս ժողովրդի ինքնությունը և վստահեցնում, որ վերջինիս լեզվական և մշակութային իրավունքները կպահպանվեն և կզարգանան ռուսական ինքնիշխանության ներքո, ո՛չ Ռ. Թ. Էրդողանը և ո՛չ էլ Թուրքիայի որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա նույնիսկ չի էլ պատրաստվում պաշտոնապես ճանաչել «տաս անգամ ավելի շատ» ղրիմյան թաթարների գոյությունը Թուրքիայի տարածքում՝ նրանց, աթաթուրքյան «լավագույն» ավանդույթների համաձայն, պարզապես համարելով սովորական թուրքեր:
Ընդ որում՝ ղրիմյան թաթարների խաղաքարտը չափազանց վտանգավոր է և կարող է երկսայրի սրի դեր խաղալ հենց Թուրքիայի դեմ, եթե, օրինակ, արդեն իսկ ռուսահպատակ Ղրիմի թաթարները Անկարայից պահանջեն ճանաչել իրենց ժողովրդի ինքնությունը Թուրքիայում՝ տրամադրելով նույն այն իրավունքները, որոնցով նրանք օժտված են Ռուսաստանի տարածքում: