«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք
25/03/2014 18:12

«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք

«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները այսօր հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ գործը վերաբացվի և նոր դատավճիռ կայացվի:

Գարիկ Մարգարյանի մայրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր տղան պետք է պատասխանատվություն կրի միջին ծանրության վնաս հասցնելու համար, հակառակ դեպքում ինքը պատրաստ է ինքնահրկիզվել:

«Պետք է արդար դատավարություն լինի ու ամեն մեկին դատեն իր արածի չափով, ոչ թե 12 տարով դատեն բոլորին: Մենք մինչև վերջ գնալու ենք, եթե արդարությունը չվերականգնվի, շատ վատ բան է լինելու»,-ասաց նա:

Արման Խաչատրյանի մոր ու կնոջ խոսքով էլ՝ այդ դեպքի հետ Ա. Խաչատրյանը որևէ կապ չունի և իրենք պահանջում են տարանջատել գործերը և ամեն մեկին դատել իր արածի չափով:  

Արման Բաղդասարյանի մայրն էլ ասաց, որ եթե ապացուցեն, որ իր որդին որևէ մեկին մատով կպել է, թող ցմահ դատեն նրան:

Հիշեցնենք, որ երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը:

Դատարանը Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:

2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

Փաստաբան. «Հարսնաքարի» գործով կայացվել է ամենաապօրինի դատավճիռներից մեկը

«Հարսնաքարի» վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է»

 

«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք