Տիգրան Եգորյան. Նրանց ուղղման համար շատ ավելի քիչ ժամանակ է մնացել՝ 4 տարի
25/03/2014 20:09

Տիգրան Եգորյան. Նրանց ուղղման համար շատ ավելի քիչ ժամանակ է մնացել՝ 4 տարի

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը, որով դատարանը Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:

Aysor.am-ը զրուցել է գործով տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:

Որքանո՞վ եք արդարացի համարում դատավճիռը: Հնարավո՞ր է արդյոք, որ այն բողոքարկեք:

- Ի սկզբանե մենք պայքարել ենք արարքը ճիշտ որակելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, սակայն նախաքննության շրջանակները խիստ նեղացվեցին և սահմանափակվեցին, իսկ դատաքննությունը այդ թերություններն ու բացթողումները շտկելու հարցում անարդյունավետ էր: Արարքը ճիշտ որակելու դեպքում այն պետք է որակվեր որպես ծանրացուցիչ հանգամանքներում (մի խումբ անձանց կողմից, առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով) կատարված սպանություն, որի համար պատիժ է նախատեսվում 12-20 տարի և ցմահ ազատազրկում: Սակայն առաջադրվեց մեղադրանք ծեծի, միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար և այս հանցատեսակների համար նշանակված պատիժը գրեթե առավելագույնն էր:

Հիմա ինքներդ դատեք պատիժը մեղմ էր թե խիստ: Միաժամանակ պետք է քննարկել նաև պատժի նպատակների հարցը, մասնավորապես այն, որ արդեն մոտ երկու տարի է ամբաստանյալները գտնվում էին ազատազրկման մեջ և, ինչպես տեսաք, դատավճռի հրապարակման օրը այդ հանգամանքը բացարձակապես չէր ազդել նրանց վրա, դեռ ավելին, նրանք ավելի ագրեսիվ և անհանդուրժող էին:

Օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ արդյոք այս մարդիկ ունա՞կ են ուղղվել 10 տարվա ընթացքում, իսկ եթե հաշվի առնենք, որ ծանր հանցագործության համար դատապարտվածները պատժի կեսը կրելուց հետո կարող են ազատ արձակվել, ապա նրանց ուղղման համար շատ ավելի քիչ ժամանակ է մնացել՝ չորս տարի: Արդյոք նշանակված պատիժը բավարա՞ր է:

- Ակնկալու՞մ էիք նման դատավճիռ:

- Ակնկալում էինք տարբեր սցենարներ, այդ թվում նաև այս տարբերակը

Ամբաստանյալների հարազատներից շատերը անձամբ Ձեզ են մեղադրում այս դատավճռի կայացման համար, այն պատճառաբանությամբ, որ Դուք եք ուղղորդել տուժողներին ցուցմունք տալ, որ իրենք չեն հիշում դեպքի հանգամանքները: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված այս մեղադրանքները:

- Ցուցմունքներ տալու հարցում ուղղորդելն, իհարկե, ծիծաղելի է, տարբեր պատճառներով, բացի այդ փաստաբանը իրավունք չունի ուղորդելու իր վստահորդին: Բայց ես կռահում եմ, թե ո՞րն է այդ մեղադրանքների պատճառը.
ամբաստանյալները դատարանից և դատախազությունից վտանգ չէին ակնկալում, այլ այդ վտանգն ակնկալում էին հանրային ուշադրությունից, որի ապացույցը այն է, որ նրանց կողմից տարբեր դժգոհություններ, սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ են պարբերաբար հասցեագրվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և տուժող կողմին:

Հետևաբար, կարելի է եզրակացնել՝ այս իրավիճակում ինչ-որ պայմանավորվածությունների կամ հանգամանքների արդյունքում նրանք հույս ունեին կամ նրանց բացատրել էին, որ եթե չլինի համապատասխան հանրային ուշադրության և վերահսկողության այս ալիքը, եթե չլինեն այս տուժողների ներկայացուցիչները կատարած հանցագործության համար պատժից խուսափելը շատ ավելի հեշտ:

- Դատարանի դահլիճում հայհոյանքներ հնչեցին նաև Ձեր հասցեին: Պատրաստվո՞ւմ եք հայց ներկայացրել դրա վերաբերյալ:

- Ձեր վկայակոչած փաստը ոչ թե քաղաքացիական իրավահարաբերությունների ոլորտում է, այլ քրեաիրավական ոլորտում, տեղի ունեցածը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, սպառնալիքներ փաստաբաններին և խուլիգանություն, չմոռանանք նաև դատավորի ուղղությամբ նետված բավական մեծ և կոշտ առարկան:

Վերոգրյալի հիման վրա ոստիկանությունը կամ դատախազությունը պետք է անհապաղ քրեական գործ հարուցի և արդյունավետ քննություն իրականացնի, բացի այդ, ներքին անվտանգության ծառայությունը ևս անելիք ունի այդ օրը դատարանում անվտանգությունն ապահովող ոստիկանների թերացումները բացահայտելու առումով:

Հետևաբար մենք սպասում ենք իրավապահ մարմինների օրենքով սահմանված գործողություններին, բնականաբար եթե դրանք չիրականացվեն մենք ստիպված կլինենք գործողություններ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք

«Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման

«Հարսնաքարի» վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է»

Տիգրան Եգորյան. Նրանց ուղղման համար շատ ավելի քիչ ժամանակ է մնացել՝ 4 տարի