.jpg)
Անդրանիկ Հարությունյանը ոչ ունեցել է, ոչ էլ կորցրել է. Life.panorama.am
Life.panorama.am-ի զրուցակիցը Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն է, ում հաճախ տեսնում ենք նաև էկրաններին՝ տարբեր հումորային ու հեռուստանախագծերում.
.jpg)
-Հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Կամերային թատրոնում զբաղված եմ ներկայացումներում, ATV հեռուստաընկերության «Արդյոք ովքեր են» հեռուստաշոուում: Նաև ներկայացում ենք պատրաստում, որը կապ չունի Կամերային թատրոնի իմ խաղացանկի հետ: Ընկերներով՝ ես, Լիլին և Կարապաետ Բալյանն ենք պատրաստում: Ներկայացումը քթերի մասին է, եթե նկատել եք, Կարոն էլ քթից «չի բողոքում»: Թեև հումորի ժանրում է, բայց շատ ու շատ ասելիք ունի, ենթատեքստեր: Մենք ապագա ենք խաղալու, դա ապագայի ներկայացում է՝ 2080 թվական: Կգաք և կտեսնեք այդ թվականի Հայաստանը:
-Մեր երիտասարդ արվեստագետները և ընդհանրապես՝ երիտասարդները, հասարակական կյանքում ավելի ակտիվ են դարձել: Դուք էլ, կարծես, անտարբեր չեք այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, դա առողջ ծիլեր կտա՞:
-Անկեղծ ասած՝ նման միջոցառումներից միայն մեկին մասնակցեցինք մեր թիմով. դա տրանսպորտի թանկացման հետ կապված հարցն էր: Դրանից հետո սկսեցինք ստեղծագործական աշխատանքները ու հիմա զբաղվածության պատճառով չենք մասնակցում մյուս ակցիաներին: Բայց ասեմ, որ երիտասարդության ակտիվությունը շատ է ուրախացնում, հասկանում ենք, որ այդ երիտասարդների հետ ապագա ունենք ու ինչ-որ բանի կհասնենք: Ընդհանրապես, կյանքում, մարդը պետք է ակտիվ լինի ամենուր՝ քաղաքական, ընտանեկան, աշխատանքային հարցերում: Դա լավ բան է:
-Քանի որ խոսեցիք ակտիվությունից, ապա դատելով Ձեր զբաղվածությամբ՝ կարելի է ասել, դուք գերակտիվ եք:
-Ասեմ, որ ես հիմնականում տանն եմ ակտիվ լինում, աշխատանքում երբեմն հոգնում եմ: Օրինակ, երկու օր առաջ վրաս հոգնածություն էր իջել, բայց չհասկացա՝ ինչից էր: Փառք Աստծո՝ արդեն անցել է:
-Իսկ այդ հոգնածությունն ինչպե՞ս եք թոթափում:
-Իմ մտքերով առանձնանում եմ, «restart» եմ լինում ու անցնում է:

-Անդո, թեև ձեր մասնագիտությամբ, բայց մի քանի տեղ եք աշխատում: Պատճառն ի՞նչն է. չե՞ք կարողանում մերժել մասնագիտական առաջարկները, թե ընտանիքը պահելու խնդիրը կա:
-Եթե ասեմ, որ հնարավոր է թատրոնով ընտանիք պահել՝ սուտ կլինի, իսկ կողքից աշխատանքները նորից իմ բնագավառում են, այնպես որ երևույթը նորմալ է: Բայց ասեմ, որ սա իմ մասնագիտությունը չի, ես ուղղակի զբաղվում եմ իմ սիրած գործով, որն ինձ հոգեհարազատ է, ինձ լավ եմ զգում: Կարծում եմ, որ այսքան ժամանակ չի եղել մի բան, որում հանդիսատեսին հոգնեցնեմ: Ամեն դեպքում, դեռ չի եղել դեպք, որ փողոցում մեկը մոտենա ու ասի՝ դե լավ էլի, արդեն հոգնեցրիք: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով ու արձագանքում եմ լավ հրավերներին: Փորձում եմ ընդունել գործնական այն առաջարկները, որտեղ ինձ համար լավ է թե՛ ֆինանսապես, թե՛ մարդկային հարաբերությունների, մթնոլորտի առումով:
-Ասացիք, որ սա ձեր մասնագիտությունը չէ: Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Դպրոցն ավարտելուց հետո անցել եմ ծառայության: Վերադարձից հետո տեսա Կամերային թատրոնում դերասանի դասարանում ընդունելության հայտարարությունը: Անմիջապես դիմեցի, ընդունվեցի: Սկզբում մանկական ներկայացումներում էի խաղում: Այ այդպես եկա հասա ինչ-որ կետի ու դեռ հույս ունեմ, որ շատ-շատ կուրախացնեմ մեր հանդիսատեսին: Չգիտեմ, թատերական կրթություն չունենալը լա՞վ, թե՞ վատ է: Բայց մի լավ բան կա՝ որ թատերական կրթություն չունենալով հանդերձ՝ որոշներից լավն եմ: Շատերի նման չեմ ասում՝ ո՞վ է ասում չունեմ, ուղղակի կորցրել եմ: Ես ոչ ունեմ, ոչ էլ կորցրել եմ (ծիծաղելով):

-Իսկ չե՞ք ուզում դիպլոմով որակավորված մասնագետ դառնալ:
-Գիտեք, այսօր շատերը դիպլոմ են ստանում առանց գիտելիքի, և այդ դիպլոմը դառնում է ուղղակի «սերվանդի» անիմաստ զարդ: Թատերական արվեստում հիմնականում ամեն ինչից տեղյակ եմ, պրակտիկ գիտելիքներս շատ են ու դիպլոմ չունենալը գործնականում ինձ չի խանգարում:
-Անդրանիկ բոլորովին վերջերս տոնեցիք ձեր ծննդյան 32-րդ տարեդարձը: Ասեմ, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ օր եք ծնվել՝ մարտի 8-ին:
-Այո, և այն բացառիկ մարդկանցից եմ, ովքեր իրենց ծննդյան օրը տխրում են: Ամեն անգամ մտածում եմ, որ ևս մեկ տարով մեծացա ու սկսում եմ նեղվել ու տխրել: Թեև այդ օրը ուրախանալու շատ մեծ առիթ կա՝ գեղեցկության տոնն է, ես էլ, ինչու ոչ, գեղեցիկ եմ ու գեղեցիկներով հավաքված ենք լինում այդ օրը՝ մայրս, կինս, աղջիկս:
-Իսկ այդ օրը առավել շատ շնորհավորանք ո՞վ է ստանում՝ տան կանա՞յք, թե՞ դուք:
-Բնականաբար՝ ես: Իմիջիայլոց, այդ օրը նաև թեթև եմ զգում ինձ, որովհետև ոչ-ոքի նվեր չեմ առնում: Արդեն երկրորդ տարին է՝ միայն աղջկաս նվեր եմ առնում, իսկ մնացածի նվերները առնում եմ ապրիլի 7-ին: Ի դեպ, երբ ապրիլի 7-ը ի հայտ եկավ, պաշտոնապես ընդունվեց, մայրիկիս հարցրեցի՝ հիմա իմ ծնունդը նաև ապրիլի 7-ին է՞ լինելու: Դե, գիտեի ինչքան մայրության, գեղեցկության, կանացի տոներ կան, այդ օրերին իմ ծնունդն է լինելու (ծիծաղում է):

-Երբ ձեր ընկերները զանգում են, ասում են ծնունդդ շնորհավո՞ր, թե՝ մարտի ութդ շնորհավոր:
-Երկու տարբերակն էլ լինում են: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ օրը աղջիկներին շնորհավորելիս լսում եմ՝ քոնն էլ շնորհավոր, Անդո ջան: Կողքից լսողները, ովքեր ծննդյանս օրվա մասին չգիտեն, հետաքրքիր ժպտում են:
-Իսկ ծաղիկներ չե՞ն նվիրում ձեր հումորասեր ընկերները:
-Չէ, փառք Աստծո, ծաղիկ չեն նվիրել: Հետաքրքիր նվերներ անում են, իհարկե: Ասեմ, որ ես սիրում եմ այնպիսի նվերներ ստանալ, որոնք մնայուն են, միշտ աչքիս առջև կլինեն:
-Մեծամասամբ կերպարներին ու դերասաններին նմանեցնում են: Բայց ինձ վրա մեր զրույցի ընթացքում ավելի լուրջ, քան կատակասեր մարդու տպավորություն գործեցիք:
-Ասեմ, որ լուրջ ֆիլմերի քասթինգների շատ հրավերներ են եղել, սակայն, երբ պրոդյուսերները ինձ տեսել են, հրաժարվել են իմ մասնակցությունից՝ մտածելով, որ այդ լուրջ ֆիլմը կարող է ծիծաղ առաջացնել մարդկանց մոտ: Ինձ լուրջ դերերում չեն պատկերացնում, մտածում են, որ կարող է հակաինֆորմացիա տա իրենց ու ֆիլմը ձախողի: Իրականում ինքս շատ կցանկանամ, որ մի օր լուրջ կերպարում հանդես գալու հնարավորություն ստեղծվի: Հավատում եմ՝ անպայման այդ օրը կգա: Ասեմ, որ իրականում լուրջ դերերով հանդես գալը շատ ավելի հեշտ է: Կոմեդիան շատ ավելի բարդ է: Դու կարողանում ես ուրախացնել տարբեր հոգսերով մարդկանց:
-Ձեր բեմական և էկրանային անբաժան կոլեգայի՝ Ռաֆոյի հետ մտերիմ ընկերնե՞ր եք:
-Միանշանակ, արդեն գրեթե 10 տարի է: Քանի որ հիմա կին, երեխա, ընտանիք ունեմ, մեր հանդիպումներն ավելի նվազել են, շատ չենք հասցնում շփվել, հիմնականում գործնական միջավայրում ենք հանդիպում: Բայց չի լինում մեկ օր, որ չզանգենք, չխոսենք:
-Ձեր կինը ձեր բնագավառի հետ կապ ունի՞:
-Բնագավառի հետ՝ ոչ: Արվեստի հետ կապ ունի, ձեռքի շնորհքով կին ունեմ, շատ գեղեցիկ բաներ է պատրաստում:
-Դստրիկը 5 ամսից կդառնա 2 տարեկան: Արդեն իսկ մտածո՞ւմ եք ընտանիքը ևս մեկ հոգով համալրելու մասին:
-Դե ոչ, մտածում ենք իրեն մեծացնենք, ամուսնացնենք, թոռնիկ ունենանք, նոր համալրվենք:
-Ինչո՞ւ եք այդքան շտապում:
-(Ծիծաղում է) Դեռ չենք շտապում երկրորդի հարցում, բայց իհարկե, երեխայից լավ բան չկա, քույրիկին եղբայր, եղբորը՝ քույր է պետք: Անպայման, կհամալրենք ու մեծ ընտանիք կդառնանք: