Աշոտյանի կոչը` «Hello kitty»-ի դեմքով ԱԺ-ում նստող պատգամավորներին
26/03/2014 19:05

Աշոտյանի կոչը` «Hello kitty»-ի դեմքով ԱԺ-ում նստող պատգամավորներին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասաց, որ նախարարները խորհրդարանում ոչ կոռեկտ վարք են դրսևորում:

«Տպավորությունն այնպիսին է, որ որոշ նախարարներ փորձում են ինքնահաստատվել: Հորդորում ենք բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, ովքեր իրենց ոչ կոռեկտ են դրսևորել խորհրդրանում և խորհրդրանից դուրս, որ իրենք չինքնակայանան։ Եթե այդ գործելակերպը շարունակվի, մեր կողմից խոստանում ենք շատ ավելի կտրուկ արձագանք»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:

Հարց- դիտարկմանը պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ կառավարության կազմում բացառապես կայացած, ինտելեկտուալ մարդիկ են, ովքեր կայանալու խնդիր չունեն:

«Ցանկացած մարդ ունի արժանապատվություն, ու դրանից կարող են խոսել մարդիկ, ովքեր ունեն արժանիքներ և պատիվ: Որոշ քաղաքական ուժեր իրենց աչքի գերանը պետք է տեսնեն, նոր խոսեն։ Ամո՛թ, ամոթ է բոլորիս, որովհետև քաղաքական մշակույթը Հայաստանում չի կարող իջնել ձկնային շուկայի մակարդակի։ Քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է, անգամ՝ դիմացինին խորը կսմթելու համար ինտելեկտ է պետք, վիրավորելը հեշտ է, յուրաքանչյուր մարդ, անկախ իր կրթական ցենզից, կարող է իրեն թույլ տալ ու երևակայել, որ կարող է վերևից խոսել ու մարդկանց վիրավորել: Խնդրում եմ զուսպ և կոռեկտ քաղաքական մշակույթ ձևավորել»,- ասաց Ա. Աշոտյանը:

Շարունակելով խոսքը` Ա. Աշոտյանը նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, «ինչ անում եք դուք, վստահ եղեք, ես էլ կարող եմ անել, մենակ ես կարող եմ անել, էլ չեմ ասում ամբողջ կառավարությունը ինչ կարող է անել»:

«Որոշ գործիչներ «Hello kitty»-ի դեմքով նստում են ԱԺ դահլիճում, դեմներս ոչինչ չեն խոսում, բայց երկու ժամ հետո մասնավոր ֆինանսավորում ունեցող կայքերը բացում ու տեսնում ես, թե ինչեր են գրել։ Տեքստը մի բաժանեք, ուղիղ ասեք: Մի արեք այդպես, կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ: Բարեկրթության սահմանները պահպանեք»,- կոչ արեց նախարարը:

Աշոտյանի կոչը` «Hello kitty»-ի դեմքով ԱԺ-ում նստող պատգամավորներին