26/03/2014 18:01
Վ. Ավետիսյանի պաշտպան. Դատարանը անտեսեց օրենքը և կամայական որոշում կայացրեց
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դատարանը, մերժելով գործը ըստ ընդդատության ուղարկելու մասին միջնորդությունը, կուրերոն անտեսել է օրենքը և կամայական որոշում է կայացրել:
«Վ. Ավետիսյանին կալանքի տակ պահելու ակտը գոյություն չունի, քանի որ իմ միջնորդությունը բավարարելու դեպքում այս դատարանը իրավունք չուներ քննարկել խափանման միջոցը, իսկ Վ. Ավետիսյանի կալանքի ժամկետը լրացել է և նա պետք է անհապաղ ազատվեր կալանքից: Սա է տրամաբանությունը: Այս կամայական որոշումը նշանակում է, որ իշխանությունները չեն ուզում ազատել Վ. Ավետիսյանին և անում են ամեն ինչ, որ նա շարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով նաև տուժող չկա, երևի տուժող իրեն համարում է Հայաստանի Հանրապետությունը: Այս գործում շատ բան է աբսուրդ, և եթե ես ի սկզբանե զգույշ էի արտահայտվում, ապա գնալով համոզվում եմ, որ իրականում այս գործը քաղաքական կոնտեքստ ունի, այլ ոչ թե քրեական»,-ասաց նա:
Հարցին՝ եթե տուժող չկա, ի՞նչ պետք է անի դատարանը, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Եթե տուժող չկա, չկա նաև հանցագործություն»:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վոլոդյա Ավետիսյան. Ես քննիչին ասեցի՝ ես իմ հոգին ու հայրենիքը չեմ ծախի