.jpg)
Նորածին երեխայի ու կնոջ հետ գողություն անելու համար՝ 7 տարի ազատազրկում
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նորածին երեխայի հետ ուրիշի տնից գողություն կատարելու մեջ մեղադրվող ամուսիններին դատապարտել է ազատազրկման: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Դավիթ Ասատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 1600–ի սահմաններում, վերջինիս և իրենց նորածին երեխայի հետ, իբրև անձրևից պաշտպանվելու պատրվակով և երեխայի առկայությունը որպես վստահության երաշխիք օգտագործելով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ա. Անանյանին պատկանող, Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 4 հասցեում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով. Պապիկյանը շեղել է Ա. Անանյանի ուշադրությունը, իսկ Դ. Ասատրյանն այդ ընթացքում հյուրասենյակի բազմոցի ծածկոցի տակից գաղտնի հափշտակվել է Ա. Անանյանին պատկանող զգալի չափի՝ 40.000 ՀՀ դրամ գումարը, որից անմիջապես հետո հեռացել են։
Ամբաստանյալներ Դավիթ Ասատրյանին և Գայանե Պապիկյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ինը դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և երկու դրվագով` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նաև հետևյալ արարքների համար. «որ նա, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում, կրկին նորածին երեխայի առկայությանը որպես վստահության երաշխիք օգտագործելով, պարբերաբար այցելել են Լ. Ներսիսյանի Երևանի Տերյան 62ա շենքի 9 բնակարան և տեղեկանալով, որ վերջինս լսողության հետ կապված խնդիրներ ունի, տվյալ հանագամանքն օգտագործելով, իբրև Լ.Ներսիսյանի համար որակյալ լսողության սարք ձեռք բերելու պատրվակով, վերջինիցս խաբեությամբ վերցրել են 133.465 ՀՀ դրամին համարժեք 320 ԱՄՆ դոլար և 38.000 ՀՀ դրամ գումար, սակայն որևէ գործողություն այդ ուղղությամբ չեն կատարել և Լ.Ներսիսյանի վստահությունը չարաշահելով հափշտակել են զգալի չափի ընդհանուր` 171.465 ՀՀ դրամ գումարը։
Դրանից բացի, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գ. Պապիկյանի հետ, 2013 թվականի մայիսի 24-ին, ժամը 1900-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ս. Տեր-Սիմոնյանի Երևանի քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, Գ. Պապիկյանը շեղել է Ս. Տեր-Սիմոնյանի ուշադրությունը, իսկ Դ.Ասատրյանն այդ ընթացքում գաղտնի հափշտակել է զգալի չափի` շուրջ 40.000 ՀՀ դրամ արժողությամբ հյուրասենյակի պատին ամրացված գորգը, որից անմիջապես հետո հեռացել են։
Բացի այդ, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013 թվականի ապրիլի 11-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հերթական անգամ նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Լ. Ամիրխանյանի Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Դ. Ասատրյանը, ներկայանալով որպես ոսկերիչ, առաջարկել է տեղում փայլեցնել Լ. Ամիրխանյանի և վերջինիս ազգական Ա. Սահակյանի ոսկյա մատանիները, ապա խաբեությամբ վերցնելով Լ. Ամիրխանյանի մեկ հատ զգալի չափերի` 50.000 ՀՀ դրամ և Ա. Սահակյանի երկու հատ, զգալի չափերի` ընդհանուր 120.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանիները, դրանք փաթաթելով անձեռոցիկի մեջ` տեղադրել է իր կողմից պատրաստված լուծույթում, իսկ այդ ընթացքում Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, վերջինիս հագուստի վրա դիտավորությամբ սուրճ թափելու միջոցով, ապա երեխայի հագուստները փոխելու պատրվակով, շեղել է Լ. Ամիրխանյանի և Արևիկ Սահակյանի ուշադրությունը, որպիսի հանգամանքը օգտագործելով` Դ.Ասատրյանը անձեռոցիկի միջից գաղտնի հափշտակել է նշված ոսկյա մատանիները, որից անմիջապես հետո հեռացել են` պահանջելով Լ. Ամիրխանյանից և Ա. Սահակյանից մատանիները անձեռոցիկի միջից հանել 30 րոպե անց։
Դրանից բացի, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. մարտի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ա. Մութաֆյանի` Երևան քաղաքի Միչուրինի փողոցում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Դ. Ասատրյանը, ներկայանալով որպես ոսկերիչ, առաջարկել է տեղում փայլեցնել Ա. Մութաֆյանի ոսկյա մատանին և ականջօղերը, ապա խաբեությամբ վերցնելով Ա. Մութաֆյանի մեկ հատ ոսկյա մատանին և ոսկյա ականջօղերը` տեղադրել է իր կողմից պատրաստված լուծույթում, որից հետո ականջողերը վերադարձրել է, իսկ մատանու փոխարեն վերադարձրել է ոսկեգույն, բարակ թիթեղյա մատանի, և չարաշահելով Ա.Մութաֆյանի վստահությունը` հափշտակել վերջինիս զգալի չափերի` 80.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, ինչպես նաև կարի մեքենայի դարակում եղած զգալի չափերի` 150.000 ՀՀ դրամ գումարը։
Բացի այդ, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ռ. Փաշինյանի` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 47 շենքի թիվ 3 բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Դավիթ Ասատրյանը, ներկայանալով որպես ոսկերիչ, առաջարկել է տեղում փայլեցնել Ռ. Փաշինյանի և վերջինիս քույր Սեդա Փաշինյանի ոսկյա մատանիները, ապա խաբեությամբ վերցնելով Ռ. Փաշինյանի մեկ հատ զգալի չափերի` 150.000 ՀՀ դրամ և Ս. Փաշինյանի մեկ հատ, զգալի չափերի` 50.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանիները, դրանք տեղադրել է իր կողմից պատրաստված լուծույթում, իսկ այդ ընթացքում Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, շեղել է Ռոզա և Սեդա Փաշինյանների ուշադրությունը, որպիսի հանգամանքը օգտագործելով` Դ.Ասատրյանը գաղտնի հափշտակել է նշված ոսկյա մատանիները, որից անմիջապես հետո հեռացել են` պահանջելով Ռոզա և Սեդա Փաշինյաններից մատանիները լուծույթի միջից հանել 5 րոպե անց։
Դրանից բացի, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. հուլիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Վ. Գրիգորյանի` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանը, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Դ. Ասատրյանը, ներկայանալով որպես ոսկերիչ, առաջարկել է տեղում փայլեցնել Վ. Գրիգորյանի ոսկյա զարդերը, ապա խաբեությամբ վերցնելով Վ. Գրիգորյանի մեկ հատ ոսկյա մատանին` տեղադրել է իր կողմից պատրաստված լուծույթում, իսկ այդ ընթացքում Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, շեղել է Վ. Գրիգորյանի ուշադրությունը, որիից հետո, օգտվելով Վ. Գրիգորյանի քնած լինելու հանգամանքից, Դ. Ասատրյանը գաղտնի հափշտակել է ընդհանուր զգալի չափերի` շուրջ 100.000 ՀՀ դրամ արժողության վերը նշված ոսկյա մատանին, ինչպես նաև ննջասենյակի պահարանի միջից ոսկեջրած կրծքանշանը և խոհանոցից` մելխիորից պատրաստված բաժակը, որից անմիջապես հետո հեռացել են։
Բացի այդ, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. հուլիսի 15-ի, ժամը 18.00-ի սահմաններում, նույն եղանակով, իբր ջուր խմելու պատրվակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Հ. Բալյոզիանի Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Դավիթ Ասատրյանը, ներկայանալով որպես ոսկերիչ, առաջարկել է տեղում փայլեցնել Հ. Բալյոզյանի ոսկյա զարդերը, ապա խաբեությամբ վերցնելով Հ. Բայլոզյանի խոշոր չափերի` շուրջ 1.000.000 ՀՀ դրամ արժողության թվով հինգ հատ ոսկյա մատանիները` դրանք դրել է անձեռոցիկի մեջ և տեղադրել է իր կողմից պատրաստված լուծույթում, իսկ այդ ընթացքում Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, շեղել է Հ. Բայլոզյանի ուշադրությունը, որպիսի հանգամանքը օգտագործելով` Դ.Ասատրյանը անձեռոցիկի միջից գաղտնի հափշտակել է նշված ոսկյա մատանիները, որից անմիջապես հետո հեռացել են` պահանջելով Հ. Բայլոզյանից մատանիները անձեռոցիկի միջից հանել 2 ժամ անց։
Դրանից բացի, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. հուլիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ա. Մովսիսյանին պատկանող, Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, շեղել է Ա. Մովսիսյանի ուշադրությունը, որպիսի հանգամանքն օգտագործելով` Դ.Ասատրյանը հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 9000 ՀՀ դրամ գումար։
Բացի այդ, Դ. Ասատրյանը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Գայանե Պապիկյանի հետ, 2013թ. օգոստոսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, նույն եղանակով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Ժենյա Վաղարշակի Երեմյանին պատկանող, Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում գտնվող բնակարան, որտեղ իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով, Գայանե Պապիկյանը, դարձյալ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով, շեղել է Ժ. Երեմյանի ուշադրությունը, որպիսի հանգամանքն օգտագործելով` Դ. Ասատրյանը ննջասենյակի պահարանի միջից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 121.000 ՀՀ դրամ գումար։
Ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Նրանցից յուրաքանչյուրը հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքն համաձայն է մեղադրանքի հետ։
Ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ
ամբաստանյալ Դավիթ Ասատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նախաքննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա, հանցագործությամբ տուժող Վ. Գրիգորյանին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է, նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս` առկա է հանցագործությունների ռեցիդիվ,
ամբաստանյալ Գայանե Պապիկյանը նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նախաքննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա, 2014թ. փետրվարի 17-ի դրությամբ ունի շուրջ 37 շաբաթվա հղիություն, հանցագործությամբ տուժող Վ. Գրիգորյանին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է։
Դատարանը ամբաստանյալ Դ. Ասատրյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Գ. Պապիկյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով 7 տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Նրանց պաշտպան ԱնԺելա Հոբոսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Դ. Ասատրյանի և Գ. Պապիկյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը ամբողջությամբ բեկանել և փոփոխել, Դավիթ Ասատրյանին ավելի մեղմ պատժաչափով դատապարտել, իսկ Գայանե Պապիկյանի նկատմամբ ՀՀ ԱԺ 03.10.2013թ. համաներումը կիրառել և նրան պատժից ազատել: