.jpg)
Մանյա Հակոբյանը շահեց դատը Հրանտ Բագրատյանի դեմ. Ծրագիրը գողացվել է
Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Հրանտ Բագրատյանի ներկայացուցչի և Հարություն Կարապետյանի բողոքը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Այսպիսով՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանյա Հակոբյանը դատարանում հաղթել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանին և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանին:
Մ. Հակոբյանի պաշտպան Սեդրակ Ասատրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար կանխատեսելի էր գործի նման ելքը, իսկ վճիռը արդեն կամովին կատարվել է:
Aysor.am-ը ավելի վաղ անդրադարձել է այս գործին: 2011 թ. օգոստոսի 7-ին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիրը»՝ Հ. Բագրատյանի և Հ. Կարապետյանի ստորագրությամբ, որից հետո Մ. Հակոբյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը գողացված է և իրական հեղինակը ինքն է:
Մ. Հակոբյանը հայց է ներկայացրել դատարան՝ հեղինակային իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և այլ պահանջներով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվոր Մանյա (Մանե) Հակոբյանը գիտնական է: 1990-ականներից 2011 թվականների ընթացքում Մանյա Հակոբյանն աշխատել և ստեղծագործել է, ստեղծել է մտավոր գործունեության արժեք` «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր» ստեղծագործությունը:
Ծրագիրը ունեցել է մեծ պրակտիկ և գիտական ներուժ, ինչպես նաև համազգային օգտակարություն, ուստի հեղինակը որոշել է այն առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Վերջիններիս ծրագիրը ներկայացվել է 2003-2009 թվականներին, քննարկվել է տարբեր շրջանակներում: Մանյա Հակոբյանը ծրագիրը նաև ներկայացրել է ՀԱԿ քաղաքական ուժին, քննարկել այն վերջինիս հանձնաժողովում, սակայն զգալով, որ իր ծրագիրը յուրացվում է, Մանյա Հակոբյանը ձեռնարկել է իր իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր: Սակայն դրանք չեն ունեցել անհրաժեշտ արդյունքները: Մանյա Հակոբյանը 30.04.2010 թվականին գրանցել է իր ստեղծագործությունը ՙՀայհեղինակ՚ հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ում, ինչի համար ստացել է նաև հավաստագիր:
Պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը յուրացրել են Մանյա Հակոբյանի ծրագրի գիտության բաժինը՝ անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածայնորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության և նրան վարձատրելու: Պատասխանողները խախտել են Մանյա Հակոբյանի հեղինակային իրավունքները, որովհետև անբարեխղճորեն արտատպել են նրա ստեղծագործությունը հանդիսացող «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիրը»:
Մանյա Հակոբյանի ծրագիրը պաշտպանվում է հեղինակային իրավունքով, որովհետև այն հանդիսանում է ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք` արտահայտված օբյեկտիվ ձևով:
Պատասխանողների կողմից 2011 թվականի օգոստոսի 7-ին Facebook սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում, որը հանրամատչելի էջ է և ընթերցվում է առնվազն 4.400 քաղաքացու կողմից, վերջիններս հրապարակել են «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր» վերտառությամբ գրագողություն` Մանյա Հակոբյանի աղավաղած ծրագիրը` ՙհեղինակներ` Հրանտ Բագրատյան և Հարություն Կարապետյան՚ ստորագրությամբ ծրագրի ներքևում:
Մանյա Հակոբյանի և նշված ծրագրի ուսումնասիրությունը վկայում է, որ թե առաջինում, թե երկրորդում խոսքը գիտության և կրթության ոլորտի քաղաքականության մասին է: Պատասխանողների ծրագրի տեքստը համարյա ամբողջությամբ կրկնում է Մանյա Հակոբյանի ծրագրի տեքստը: Կան որոշ «փոփոխություններ», «ավելացումներ», կամ ուղղակիորեն նախադասությունները փոխված են տեղերով:
Մանյա Հակոբյանի ծրագիրը բաղկացած է բուն ծրագրից` 15 կետով, և «Ծրագրի իրականացման արժեքը և ֆինանսավորման աղբյուրները» ծրագրի մասը կազմող գլխից:
Պատասխանողների նախագիծը բաղկացած է 21 կետերից, որոնցից 15-ը լիովին համապատասխանում են Մանյա Հակոբյանի «Ծրագրին»:
Այսպիսով` ի թիվս այլոց` կրկնօրինակված է հայցվորի նախաբանը պատասխանողի տեքստում, պատասխանողների նախագծի 1-ին կետի վերնագիրը՝ ՙՀՀ գիտության ոլորտում իրականացնել առկա գիտական թեմաների «գույքագրում» և անցնել գիտահետազոտական աշխատանքների բացառապես «թեմատիկ ֆինանսավորման», առաջնությունը տալով մրցունակ գիտական արդյունքներին՚» և ամբողջ կետը կրկնում է Մանյա Հակոբյանի Ծրագրի 2-րդ կետի միտքը և 1-ին ենթակետը, իսկ պատասխանողների նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը այդ նույն «Ծրագրի» 2-րդ կետի շարունակությունն են:
Դատարանը իր պատճառաբանություններում հայտնել է, որ պատասխանողի ներկայացուցչի այն պնդումը, թե հայցվորը պետք է ապացուցի, որ ծրագիրը «Հայհեղինակ» ՀԿ է ներկայացվել 30.04.2010 թվականին, ապա այդ հանգամանքը ապացուցվում է «Հայհեղինակ» ՀԿ-ի կողմից 03.09.2012 թվականին տրված գրությամբ, որով «Հայհեղինակ» ՀԿ-ն իրազեկել է, թե իրեն որ ամսաթվին ինչ է տրամադրվել ի պահ:
Ինչ վերաբերվում է պատասխանողի ներկայացուցչի առարկություններում բերված պատճառաբությանն, այն մասին, որ վերը նշված էլեկտրոնային նամակներով չի հաստատվում և ապացուցվում ծրագիրը հայցվորի կողմից ստեղծված լինելու հանգանմանքը, այլ այդ նամակներով հիմնավորվում է, որ ըստ էության քննարկվել է երկու ծրագիր` մեկը` մշակված ՀԱԿ կրթության և գիտության հանձնաժողովի կողմից, մյուսը` տրամադրված Հարություն Կարապետյանի կողմից, որում Հրանտ Բագրատյանի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, ապա նշվածը հայցը մերժելու հիմք հանդիսանալ չի կարող, նկատի ունենալով, որ դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց, որ Հարություն Կարապետյանի կողմից Հրանտ Բագրատյանին ուղարկված ծրագրի հեղինակը եղել է Մանյա Հակոբյանը /այդ մասին վերջինս բազմիցս հայտնել է իր նամակներում` ուղղված Հրանտ Բագրատյանին/:
Այսպես դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Ս. Ասատրյանը ցույց է տվել Մանյա Հակոբյանի կողմից Հարություն Կարապետյանին ուղարկված 25.05.2010թ. էլետկրոնային նամակին կից ֆայլը, որը բեռնվել է ինտերնետից: Նշված ֆայլի հետազոտությամբ պարզվեց, որ որպես ֆայլի «Գիտություն-1»-ի հեղինակ նշված էր «Մանե»:
Ցույց է տրվել նաև Հարություն Կարապետյանի կողմից Հրանտ Բագրատյանին ուղարկված էլեկտրոնային նամակին կից ֆայլը, որը նույնպես բեռնվել է ինտերնետից: Էլեկտրոնային նամակում նշված էր. «Հարգելի պարոն Բագրատյան. Ուղարկում եմ գիտության ոլորտում նախատեսվող բարեփոխումների միջոցառումների ծրագիրը, որը քննարկվել է Մանեի և Վլադիմիր Հարությունյանի հետ ...»: Նշված ֆայլի անունը թեև փոխվել էր, սակայն այդտեղ նույնպես որպես հեղինակ նշված էր «Գիտություն-1 Մանե»:
Պատասխանող Հարություն Կարապետյանը, ինչպես էլեկտրոնային նամակագրությամբ, այնպես էլ դատարանում հայտնել է, որ ինքն իրեն չի համարել և չի համարում ՀԱԿ ծրագրի համահեղինակ, քանի որ չի մասնակցել ՀԱԿ-ի քննարկումներին... Երբ հարց է առաջացել, թե ում անունը պետք է գրվի ՀԱԿ-ի ծրագրի տակ, ինքը զանգահարել և հայտնել է Հրանտ Բագրատյանին, որ իր անունը չնշվի, իսկ գործի քննության ժամանակ վերջինս չվիճարկեց և դատարանին որևէ ապացույց չներկայացրեց, որ նշված «Ծրագիրը» իր ծրագիրն է:
Բացի այդ, դարձյալ, ըստ կողմերի նամակագրության` Մ. Հակոբյանը համաձայնվել է, որ ստեղծագործությունը համարվի համահեղինակություն /տես 24.07.2010թ. հայցվորի նամակը ուղղված Հ.Բագրատյանին/»...Եթե ծրագիրը պահպաներ այս իմ ներկայացրած տեսքը, որին ավելացվեր Ձեր «Կրթության» մասը՚:
Դրան հաջորդել է Մանյա (Մանե) Հակոբյանի և Հրանտ Բագրատյանի նամակագրական բանավեճը, որտեղ Մանյա (Մանե) Հակոբյանը պահանջել է հանել իր ծրագիրը և չընդգրկել իր ծրագրի կետերը, դրանք չաղավաղել, որին, ի պատասխան, Հրանտ Բագրատյանը առարկել է միայն մի փոքր հատվածի շուրջ «Գիտությունը նոր գիտելիք է գեներացնում...» և հիշեցրել է, որ կրթության հատվածն է իրենը: Բացի այդ 31.08.2010թ. ժամը 9:14-ին Մանյա Հակոբյանի` Հրանտ Բագրատյանին ուղղված նամակում վերջինս հայտնել է, որ հանել է իր ծրագիրը քննարկումից, իսկ նույն օրվա ժամը 10:03-ի էլեկտրոնային նամակի վերջինս հայտնել է. «Հարգելի պրն. Բագրատյան, այս տհաճ իրավիճակից դուրս գալու ծայրահեղ տարբերակը առանձին-առանձին «Ծրագրերի» ներկայացնելն է, որից էլ ամեն ինչ պարզ կդառնա բոլորին»:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ խոսք անգամ չի կարող լինել համահեղինակության մասին. պատասխանողները խնդրո առարկա ծրագրի համահեղինակներ չեն եղել և այդ պահանջով դատարան չեն դիմել:
Անդրադառնալով հակընդդեմ հայցադիմումին, դատարանը գտնում է, որ սկզբնական հայցապահանջի բավարարման պայմաններում, հակընդդեմ հայցադիմումը ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով:
Դատարանը վճռել է պարտավորեցնել Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանյա Հակոբյանի թույլտվության նրա ստեղծագործության ցանկացած եղանակով անբարեխիղճ օգտագործմամբ հրապարակումները, այն է` հրապարակումից հանել «Facebook»–ում հրատարակված Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակությամբ ծրագրի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ պարբերությունները, որոնք համընկնում են Մանյա Հակոբյանի «Հետք Online-ում հրապարակված ծրագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ պարբերությունների հետ, ինչպես նաև Մանյա Հակոբյանի կողմից «Հայհեղինակ» ՀԿ-ում ի պահ հանձնված ծրագրերի տարբերակների և «Facebook»–ում հրատարակված ծրագրի նույնական մասերը` համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության 21.01.2013 թվականին տրված դատահեղինակային եզրակացության` նշված կարմիր գույնով:
Պատասխանողներ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակել սույն դատական ակտի վճռեց մասն ամբողջությամբ:
Արգելել պատասխանողներ Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հայցվոր Մանյա Հակոբյանի ստեղծագործության տարածումն, աղավաղումն ու փոփոխությունը:
Դատարանը գտնում է, որ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ողջամիտ գումար պետք է սահմանել 1 000 000 ՀՀ դրամը, որը և պետք է համապարտությամբ բռնագանձել պատասխանողներից հօգուտ հայցվորի:
Համապարտության կարգով պատասխանողներ Հրանտ Բագրատյանից և Հարություն Կարապետյանից հօգուտ հայցվոր Մանյա Հակոբյանի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը 24 000 ՀՀ դրամի չափով:
Հրանտ Բագրատյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մանյա Հակոբյանի, երրորդ անձ` Հարություն Կարապետյանի` հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջի վերաբերյալ` մերժել:
Վերաքննիչ դատարանը մերժել է Հ. Բագրատյանի և Հ. Կարապետյանի բողոքը և օրինական ուժի մեջ թողել դատավճիռը:
Նախորդող հրապարակում՝ Հրանտ Բագրատյանի դեմ գործով դատական նիստը նորից հետաձգվել է