.jpg)
ՀՊՃՀ բակում կատակի պատճառով դանակահարության գործը դատարանում է
Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՊՃՀ տարածքում անչափահասի դանակահարության մեջ մեղադրվող Ջոն Խալաթյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Ըստ 19-ամյա Ջ. Խալաթյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. նոյեմբերի 20-ին ժամը 14:-ի սահմաններում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ապտակել է Ջ. Խալաթյանին: Վերոհիշյալ միջադեպից իրեն նվաստացած զգալով, նույն օրը Խալաթյանը տանից իր հետ վերցրել է ծալովի դանակ, իմանալով, որ Ջրվեժ Մայակ թաղ. 2 շենքի դիմաց Կ. Մարգարյանի հորաքույրը ունի տաղավար ու նա պարբերաբար այցելում է այնտեղ, ժամը 16:10-ին կանչել է Մարգարյանին և կյանքից զրկելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է նրան և պատճառված վերքերից «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ջ. Խալաթյանի պաշտպան Արթուր Ղազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ընդունում է, որ կատարել է այդ արարքը, սակայն մեղադրանքի որակման հետ համաձայն չէ:
Նա ասաց, որ առայժմ միջնորդություն չի ներկայացնելու, սակայն ունի բազմաթիվ միջնորդություններ, որոնք կներկայացնի դատաքննության ընթացքում: