Հավաքականների ընկերական խաղերին կփոխարինի Ազգերի լիգան
26/03/2014 20:09

Հավաքականների ընկերական խաղերին կփոխարինի Ազգերի լիգան

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և նրա թիմը հերթական հեղափոխական նախագիծն են մշակել. եվրոպական հավաքականների համար նոր մրցաշար կստեղծվի: Այդ գաղափարի մասին որոշ ժամանակ խոսում էին կուլիսներում, սակայն հիմա, ինչպես երևում է, այն իրականություն դարձնելու ժամանակն է:

Խոսքն ազգային հավաքականների ընկերական խաղերը չեղյալ հայտարարելու մասին է: Այդ հանդիպումներին 2018 թ.-ից կփոխարինեն Ազգերի լիգայի խաղերը: Դրա ձևաչափը դեռ հաստատված չէ, սակայն խոսքն այն մասին է, որ եվրոպական 54 հավաքականները կբաժանվեն 3-5 դիվիզիոնի` համաձայն սեփական վարկանիշի: Այն կկիրառվի միայն մեկ անգամ` առաջին մրցաշարից առաջ: Իսկ այնուհետև թիմերն ավելի բարձր կամ ցածր դիվիզիոններ կտեղափոխվեն միայն երկամյա մրցումների արդյունքներով: Հնարավոր է, որ յուրաքանչյուր դիվիզիոնում թիմերը բաժանվեն խմբերի` լավագույնների միջև կարճ մրցաշարով կամ փլեյ-օֆֆով:

Բրիտանական «The Telegraph»-ը ենթադրում է, որ բարձրագույն դիվիզիոնում կարող են հայտնվել առաջատար 12-16 հավաքականները, որոնք կբաժանվեն 4 խմբի: Հաղթողները դուրս կգան «Քառյակի եզրափակիչ», որոնց խաղերը կանցկացվեն չեզոք խաղադաշտերում` յուրաքանչյուր տարվա ամռանը:

Պլատինիի նպատակը հասկանալի է, նա ձգտում է ազատվել անպետք ընկերական խաղերից (իհարկե, ոչ ոք ձեզ չի խանգարի խաղալ Բրազիլիայի կամ Արգենտինայի հավաքականի հետ), բարձրացնել հետաքրքրությունը հավաքականների նկատմամբ կամ պահպանել այն անհրաժեշտ մակարդակի վրա, ինչպես նաև (և դա ամենագլխավորն է) ստանալ ֆինանսավորման ևս մեկ աղբյուր:

Ազգերի լիգան կարող է հետաքրքրել համաշխարհային խոշորագույն կորպորացիաներին ու հեռուստաընկերություններին` եկամուտներ ապահովելով ինչպես ՈՒԵՖԱ-ի, այնպես էլ ազգային ասոցիացիաների համար: Ֆուտբոլային փոքր երկրների համար լրացուցիչ մոտիվացիա կա. ցածր դիվիզիոնների հաղթողները ոչ միայն կտեղափոխվեն ավելի բարձր դիվիզիոն, այլև, որպես պարգևատրում, իրավունք կստանան` մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Միևնույն ժամանակ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ընտրական փուլերը կպահպանվեն և կանցկացվեն մոտավորապես նույն ձևաչափով, որով այժմ են կազմակերպվում:

Բացառված չէ, որ այս կամ այն ձևով նախագիծը քննարկվի վաղն Աստանայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովում: Բայց դժվար թե հենց վաղը այն դե յուրե հաստատվի:

Հավաքականների ընկերական խաղերին կփոխարինի Ազգերի լիգան