.jpg)
Գաբրիելյան. «Դեմ եմ»-ի հետ հանդիպմանը կքննարկվի պարտադիրը հանելու ձևաչափը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ. «Վերանայվելո՞ւ կամ հանվելո՞ւ է կուտակայինը»,-հարցրեց պատգամավորը: Հարցին, սակայն, պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Վ. Գաբրիելյանն ասաց, որ իրենք պատրաստ են աշխատել «Դեմ եմ» շարժման հետ, ուղղել բացերը, որոնք առկա են օրենքում. «Սակայն չեմ կարծում, որ պետք է նախապայմանների լեզվով խոսել: Կարծում եմ՝ աշխատանաքային հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա նրանց հետ, մենք կքննարկենք բոլոր այդ հարցերը և կաշխատենք գտնել փոխըմբռնման եզրեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիպումը պետք է անպայման լինի ՍԴ որոշումից հետո, որպեսզի հետագա գործունեությունն ավելի հստակ լինի:
Վ. Գաբրիելյանի պատասխանը, սակայն, չբավարարեց Տիգրան Ուրիխանյանին, ով նշեց, որ հարցը կրկնում է՝ ակնկալելով կոնկրետ պատասխան:
«Պարտադիր բաղադրիչը վերանայվելո՞ւ է, թե` ոչ և հանվելո՞ւ է, թե` ոչ»,- մասնավորապես հարցրեց ԲՀԿ պատգամավորը:
«Մենք պատրաստ ենք քննարկել առանց նախապայմանների, մենք պատրաստ ենք քննարկել հենց «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ: Կքննարկենք այդ ձևաչափը, ինչպես նաև՝ այդ սկզբունքները: Մենք նախապայման չենք դնում և չենք էլ ցանկանում, որ մեր առջև նախապայման դնեն»,- ի պատասխան կրկնեց Վաչե Գաբրիելյանը:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ը՝ վարչապետին. Երկխոսելու մասին հստակ հաղորդագրություն չենք ստացել
Վարչապետը «Դեմ եմ» շարժմանը երկխոսության կոչ արեց