Դավիթ Ամալյան. Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. Ladynews.am
27/03/2014 18:44

Դավիթ Ամալյան. Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. Ladynews.am

Ladynews.am-ը զրուցել է ազատամարտիկ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ: 

-Երբ գալիս էի Ձեզ հետ հանդիպման, թատրոնի ազդագրի վրա կարդացի՝ «Զգուշացե՛ք, կանայք են», ըստ Ձեզ՝ պե՞տք է զգուշանալ կանանցից:

-Նախ պետք է ասել՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ առաջին հերթին Մարդ են, մարդկային արժեքն ավելի վեր է սեռային տարբերությունից: Ես միշտ պատերազմն ասոցացնում եմ տղամարդու, խաղաղությունը՝ կնոջ հետ, բայց ասեմ՝ տղամարդը ձգում է կնոջը, կինն էլ՝ տղամարդուն: Որձը միշտ խաղաղություն է երազում. դրա կորստի արժեքը լավ գիտի, իսկ կանայք, ինչպես հայտնի է, շատ պատերազմների պատճառ են դարձել. անգամ կանայք կան, որ դրանից լավ են զգում: Ես կուզեի կնոջն ավելի շատ տեսնել՝ որպես սրտացավ և հոգատար էակի. կնոջ այդ տեսակն եմ ավելի շատ գնահատում: Իսկ կանանցից զգուշանալն ավելի շատ հասարակական, մարդկային բնույթ է կրում, քան սեռային: Եթե մարդն զգուշանալու խնդիր ունի, ապա միայն կնոջից չէ, որ պիտի զգուշանա:

-Ասում են՝ կինը երբեք չի նկատում այն, ինչ իր համար անում է տղամարդը, բայց նկատում է այն, ինչ չի անում, գուցե իրոք տղամարդիկ շատ բան են անում կնոջ համար , բայց չեն անում այն, ինչ իրականում անհրաժե՞շտ է կնոջը:

-Ինչքան էլ հոգևոր կապը տղամարդու և կնոջ միջև մեծ է, միևնույնն է, կենցաղային իրականությունը կնոջն ստիպում է պահանջատեր լինել. կինը քո կենցաղային ինքնաքննադատությունն է:

-Դո՞ւք էլ եք կարծում կնոջ գլխավոր առաքելությունը մայր լինելն:

-Այո՛, չկա կնոջ համար ավելի մեծ առաքելություն, քան մայրությունը, մարդուն դաստիարակելը: Մարդուն կինն է մարդ դարձնում, և չկա ավելի կարևոր մասնագիտություն, քան մայրությունը:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը՝ ըստ Դավիթ Ամալյանի:

-Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. խոնարհության մեջ ջերմություն կա, իսկ ովքեր դեմ են դրան, ուրեմն իրենք են իրենց կանանց մոտ «խոնարհ», իրենք կանացի տղամարդիկ են. ես միշտ ասել եմ՝ կինն ուժեղ է դառնում թույլ տղամարդու կողքին: Իրականում ուժեղ կին չկա. երբ կինը զգում է՝ պաշտպանող չունի, ենթագիտակցաբար սկսում է աշխատել պաշտպանողական համակարգը:

-Իսկ ո՞վ է Ձեզ համար «ուժեղ» կինը:

-Զոհված ընկերոջ մայր եմ տեսել, ով ձեռքը դրեց մեր ձեռքերին և ասաց. «Տղե՛րք, չեք լացում, ձեզ ձիգ պահեք», ես դա համարում եմ ուժեղ կնոջ գագաթնակետը, կնոջ ուժը դա է:

-Շեքսպիրն ասում էր. «Կնոջ ամենամեծ զենքն արցունքներն են»: Ձեր դեպքում այդ զենքը կգործի՞:

-Չեմ ուզում մեծամտություն թվա, բայց ես կեղծ և ոչ կեղծ արցունքները մի փոքր տարբերում եմ իրարից, չնայած չեմ բացառում, որ ես էլ կարող եմ խաբվել. գեղեցկությունն ամեն դեպքում գայթակղիչ է: Եթե կնոջ հոգեբանության մեջ նյութի հանդեպ լուրջ «հարգանք» եմ տեսնում, նրա արցունքներին երբեք չեմ կարող հավատալ, այսինքն՝ կարծրացած նյութապաշտությունը չի առաջացնի կնոջ մոտ այն արցունքները, որ գեղեցկացնում են նրան:

-Ի՞նչն է Ձեզ համար անընդունելի կնոջ մեջ:

-Բռիությունը, անկիրթ խոսելաձևը և այլ հատկանիշներ տղամարդու դեպքում կարող են նորմալ համարվել, բայց երբ կինն է այդպիսին, դա, մեղմ ասած, անընդունելի է: Ընդհանրապես կնոջ ճաշակն ամեն հարցում պետք է բարձր լինի. ինքն է սերունդ դաստիարակողը:

-Գիտեմ՝ Ձեր կինը երգում է, ինչքանո՞վ եք կարևորում կարիերան կնոջ համար:

-Չեմ կարևորում, բայց ոչ էլ դեմ եմ. եթե կա համապատասխան աշխատանք, թող աշխատի: Կինս այնպիսի տեղ է աշխատում, որ չի խանգարում զբաղվելու երեխաների դաստիարակությամբ ու խնդիրներով, իսկ տղաներս արդեն այն տարիքում են, որ որոշ բաներ կարողանում են ինքնուրույն անել:

-Ի՞նչ է անում հայ տղամարդը, որ նվաստացնում է կնոջը:

-Չեմ ընդունում այդ ցուցադրական մունաթով խոսելը, օրինակ՝ ինքս շատ եմ սիրում կատակներ անել, բայց երբեք երրորդ անձի ներկայությամբ կնոջս հետ մունաթով չեմ խոսում:

-Մեր իրականության մեջ կան դեպքեր, երբ տղամարդը ծեծում է կնոջը…

-Ինչպե՞ս կարելի է ձեռք բարձրացնել կնոջ վրա. չէ՞որ ինքը քո ընկերն է: Երբ տղամարդը ծեծում է կնոջը, մեղավորը միայն տղամարդն է. չի կարողանում տվյալ կնոջը «բացել», վերջինս էլ մնում է փակ, ու իրար հետ խնդիրներ են ունենում: Միայն տղամարդու մեջ եղած էգը կարող է դրդել կնոջ վրա ձեռք բարձրացնել: 

Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Դավիթ Ամալյան. Կինը պետք է լինի խոնարհ և կանացի. Ladynews.am