ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Քեսաբի հարցին
27/03/2014 19:10

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Քեսաբի հարցին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։

Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
 
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Քեսաբի հարցին