Սաակաշվիլին չի ներկայացել դատախազություն՝ Ժվանիայի սպանության գործով
27/03/2014 21:05

Սաակաշվիլին չի ներկայացել դատախազություն՝ Ժվանիայի սպանության գործով

Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին, ինչպես և սպասելի էր, չի ժամանել Վրաստան և չի ներկայացել գլխավոր դատախազություն, որտեղ նա հրավիրվել էր Զ. Ժվանիայի և մի քանի այլ աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում հարցաքննելու նպատակով: Պատճառը տրամաբանական է. վերջինս մտավախություն ունի, որ կարող է հայտնվել ճաղերի հետևում, և ինքն այդ հանգամանքը պայմանավորում է Վրաստանի գործող իշխանությունների կողմից նրա նկատմամբ իրականացվող «քաղաքական հետապնդմամբ»:

Կներգրավվի Սաակաշվիլին գործերում որպես մեղադրյալ թե ոչ, դեռ ժամանակը ցույց կտա, բայց որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Ժվանիայի գործի հետ կապված արդեն փաստ է, և վաղ թե ուշ Սաակաշվիլին ստիպված կլինի մասնակցել հարցաքննությանը, քանի որ օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութում ներկայացված են դեպքի վայրից դրվագներ, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ քրեական գործով անցկացված վերջնական փորձագիտական եզրակացությանը, և արդեն ձերբակալվել է գլխավոր փորձագետը, ով հենց մասնակցել է այդ փորձաքննությանը: Իսկ նախկին նախագահն այնքանով կարող է առնչություն ունենալ այդ ամենի հետ, որ ժամանակին հենց ինքն էր վերահսկում տվյալ գործի հետ կապված ողջ գործընթացը:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին դատախազություն կանչելու՝ միջազգային հանրության արձագանքներին, ապա հետաքրքիր է, որ այս անգամ տեսակետները տարբեր են: Միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ կարծիք են հայտնել, որ օրենքի առջև յուրաքանչյուր ոք պատասխանատու է, իսկ որոշ քաղաքական ազդեցիկ գործիչներ կոչ են արել Վրաստանի իշխանություններին անցկացնել անաչառ հետաքննություն և թույլ չտալ, որ երկրում արձանագրվեն քաղաքական հետապնդման փաստեր: 

Սաակաշվիլին չի ներկայացել դատախազություն՝ Ժվանիայի սպանության գործով