.jpg)
Հայտնվել է Թուրքիայից Սիրիա ներխուժման ծրագրի քննարկման ձայնագրությունը
Քրդական «Firatnews» գործակալության կայքի համաձայն` սկանդալային ձայնագրություն է հայտնվել համացանցում, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն, Թուրքիայի ԱԳՆ քարտուղարության պետ Ֆ. Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հ. Ֆիդանը, ԳՇ պետի տեղակալ Յ. Գյուլերը քննարկում են մարտի 23-ին Թուրքիայի կողմից սիրիական ինքնաթիռի խոցվելուց հետո Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ծրագիրըը:
Քննարկման ժամանակ Ա. Դավութօղլուն նշում է, որ 2011, 2012 թթ. Թուրքիան չի իրականացրել ներխուժում Սիրիա, թեև 2012 թ. կարող էին «նման խիզախ» որոշում ընդունել: Ֆ. Սինիրլիօղլուն էլ ավելացնում է, որ 2012 թ. ամռանը Սիրիան (կառավարական ուժերը) ամենաթույլ վիճակում է եղել: Հ. Ֆիդանն էլ հայտնում է, որ 2000 միավոր «սարքավորումներ» են ուղարկել Սիրիա` ասպտամբներին՝ որպես օգնություն: Քննարկման մասնակիցները դիտարկում են Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման հիմնավորումների տարբերակները: Ֆ. Ֆիդանը նշում է, որ եթե Սիրիայի դեմ գործողության համար պատրվակ է պետք, ապա կարող է Սիրիա գործուղել մարդկանց, հրթիռներ արձակել, ինչն էլ հիմնավորում կծառայի Թուրքիայի կողմից: Որպես պատրվակ է նշվում նաև Սիրիայում թուրքական տարածք համարվող «Շահ Սուլեյմանի» դամբարանի պաշտպանության հարցը:
Ա. Դավութօղլուն էլ նշում է, որ վարչապետ Ռ. Թ. Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել է, որ դամբարանի հարցը անհրաժեշտության դեպքում պետք է գնահատվի որպես հնարավորություն: Հ. Ֆիդանը հավելում է, որ արդեն 2000 միավոր սպառազինություն ու ռազմական նշանակության ապրանքներ են ուղարկվել (ապստամբներին), իսկ ԳՇ պետի տեղակալ Գյուլերն էլ հաստատում ապստամբներին սպառազինելու անհրաժեշտությունը Թուրքիայի կողմից:
Ֆ. Սինիրլիօղլուն կողմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի նմանությամբ Սիրիա ներխուժմանը` նշելով, որ «Շահ Սուլեյմանի» դամբարանի պաշտպանության նպատակով ծայրահեղ արմատական «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողությունները Թուրքիայի համար ևս հիմնավորում կլինեն և կհետևի միջազգային հանրությունն էլ կսատարի Թուրքիային: ԳՇ պետ Յ. Գյուլերն ավելացնում է, որ այնտեղ (Սիրիա) մեկ տարի է պատրաստ պահվում է 1000 մարդ: Ա. Դավութօղլուն նշում է, որ «Շահ Սուլեյմանի» դամբարանի խնդրի լուծման հարցում Թուրքիան ձեռնարկել է դիվանագիտական բոլոր միջոցները, իսկ Սինիրլիօղլուն էլ ավելացնում, որ «առողջ հիմնավորում» է պետք: Այս հարցում Հ. Ֆիդանն առաջարկում է անհրաժեշտության դեպքում պայթյուններ կազմակերպել դամբարանի տարածքում, որին էլ կհետևի թուրքական ներխուժումը:
Ձայնագրության հայտնվելուց հետո որոշում է կայացվել հրավիրել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Թուրքական «Internet Haber» լրատվական կայքի համաձայն` արտահերթ նիստը հրավիրվել է որպես պետական գաղտնիք` Թուրքիայի ռազմական պլանների բացահայտման առնչությամբ: