Ռուստամյանը՝ Քեսապի մասին. Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել
28/03/2014 11:17

Ռուստամյանը՝ Քեսապի մասին. Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել

Միջազգային բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան Հայաստանն իրավունք ունի նաև իր ջանքերը գործադրել՝ պաշտպանելու սիրիահայերի ամենատարրական իրավունքները, որովհետև դրանք վեր են ցանկացած իրավունքներից: Aysor.am-ի հետ զրույցում, խոսելով Քեսապում տեղի ունեցած իրադարձությունների և քեսապահայերի խնդիրների մասին, այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք պետք է երկու ուղղությամբ շատ կոկնրետ քայլեր կատարենք. Սիրիայի իշխանությունների հետ միասին համատեղ միջոցառումներ ձեռնարկենք` ամրապնդելու սիրիահայերի անվտանգությունը և քայլեր կատարենք ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու: Մանավանդ այն վայրերում, որտեղ հայության կոմպակտ բնակավայրեր կան»,- ասաց ՀՅԴ պատգամավորը::

Շարունակելով խոսքը՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել և պետք է դիվանագիտական շատ ակտիվ քայլեր նախաձեռնի, որպեսզի նույն միջազգային կազմակերպությունների օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը դառնա սիրիահայերի իրավունքների պաշտպանությունը` ի թիվս բոլոր այն ազգային փոքրամասնությունների խնդիրների, որոնք արծարծվում են նրանց իրավունքների պաշտպանության առումով:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրիա մեկնած պատգամավորական խմբում ՀՅԴ-ից ոչ մեկ չկար, հատկապես, որ ՀՅԴ լոբբինգը դրսում ուժեղ է, Ա. Ռուստամյանը նախ ասաց, որ հարցը պետք է տալ նրանց, ովքեր ձևավորել են պատվիրակության այդ կազմը:

«Այդ մոտեցումը մեզ համար իսկապես անընդունելի է.... Իհարկե, Դաշնակցությունը այդ պատվիրակություններով չէ, որ պետք է այնտեղ ներկա լինի, մենք կառույցներ ունենք Սիրիայում և ինչ էլ այնտեղ կատարվում է, կատարվում է մեր կառույցների անմիջական մասնակցությամբ ու միջոցով, մանավանդ Քեսաբում: Բնականաբար մենք դրա կարիքը չունենք` այնտեղ ներկա լինելու, բայց խնդիրն այն է, որ եթե պաշտոնական պատվիրակություն է գնում ԱԺ-ից, նաև հարցին համապատասխան նշանակություն ու հնչեղություն ապահովելու համար է անհրաժեշտ, որ այն կազմավորված լինի քաղաքական բոլոր ուժերից և խոսքը միայն Դաշնակցության մասին չի: Բոլոր ուժերի ներկայությունը պատվիրակությունում անկասկած ավելի մեծ հնչեղություն կհաղորդեր այդ այցելությանը»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Ռուստամյանը՝ Քեսապի մասին. Հայաստանը չի կարող դիտորդի կարգավիճակում լինել