.jpg)
Պետրոս Մակեյան. Հայաստանն ականապատված է, մեկ սխալ քայլ՝ ականը կպայթի
Հայաստանը նման է ականապատված տարածքի, բավական է մեկ սխալ քայլ՝ ականը կպայթի ու կսկսվի անկանխատեսելին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը.
«Երկրում ժողովրդի մեծ մասը՝ 95 տոկոսից ավելին, իրավազուրկ է, զրկված է աշխատելու հնարավորությունից և նրանց միակ նպատակն է՝ հնարավորություն ստեղծել և լքել Հայաստանը: Սա միմիայն իշխանությանն է ձեռնտու»,- ասաց Պետրոս Մակեյանն՝ ընդգծելով.
«Ի տարբերություն ժողովրդի՝ փոքրամասնություն-իշխանավորները տնօրինում են Հայաստանի հարստության մեծ մասը՝ «օրենքը ես եմ», «պետությունը ես եմ» կարգախոսներով: Բնականաբար այս իրավիճակում չէր կարող ականապատված չլինել մեր երկիրը: Լուծումը ո՞րն է՝ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ժողովուրդն ակտիվանում է ու փորձում է փոփոխություն կատարել: 2004թ.-ի, 2008թ.-ի զարգացումները տեսնելով՝ նախորդ տարի մենք մեկ անգամ ևս համոզվեցին՝ իշխանությունը պատրաստ է նորից կրակել ժողովրդի վրա: Բայց՝ չնայած սրան, ահռելի լիցքեր են կուտակվել՝ կտրուկ քայլեր անելու համար»,- ասաց Պետրոս Մակեյանն ու ավելացրեց՝ «մեզ մնում է համախմբվել»:
Մակեյանի ելույթից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց հավաքվածներին լավ լսել ու հիշել բոլորի ելույթները.
«Դրանք պատմական նշանակություն են ունենալու շուտով»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ «Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ ցեղասպանության ճանաչման մասին»