.jpg)
«Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցները իրենց աչքերը կապել են սպիտակ ժապավեններով
ՍԴ առջև շարունակվում է «Դեմ եմ» թիմի լուռ ակցիան: Նշենք, որ ՍԴ-ում այսօր տեղի է ունենում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հարցի քննարկումը:
«Դեմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս ակցիան կոչել են «լուռ», որովհետև իրենց ասելիքը ՍԴ-ին փոխանցում են միայն ցուցապաստառների միջոցով:
«Այսօր կոչեր չեն լինելու, որովհետև մենք չենք ուզում խանգարել դատարանի աշխատանքին»,-լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ իրենց աչքերին կապեցին սպիտակ ժապավեններ՝ նշելով. «Սա կույր արդարադատության խորհրդանիշ է»:
«Ես սպիտակ ժապավենով փակել եմ աչքերս, ձեռքիս վերցրել եմ արդարադատության խորհրդանիշ՝ երկու նժարներով կշեռքը, որ ասեմ՝ մենք սպասում ենք ՍԴ-ից արդար որոշում, իսկ արդարադատությունը կույր ենք անվանում, որովհետև այն չպիտի շեղվի իր շուրջը կատարվող ինչ որ բանի վրա, այլ պիտի կուրորեն արդար վճիռ կայացնի»,-ասաց մասնակիցներից մեկը:
Նշենք, որ քիչ առաջ ՍԴ-ի շենքից դուրս եկավ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր իշխանությունները ականջալուր են միայն այն նախաձեռնություններին ու շարժումներին որոնք վտանգ են սպառնում իրենց՝ իշխանությանը մնալուն: Լրագրողների հարցին արդյոք «Դեմ եմ»-ը նման շարժում է, Արմեն Մարտիրոսյանը նախընտրեց չպատասխանել:
Նախորդող հրապարակում՝ Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը