Սադրանքները ԲՀԿ-ի համար չեն, ՀՀԿ-ն հիսթերիայի մեջ է. Տիգրան Ուրիխանյան
28/03/2014 20:42

Սադրանքները ԲՀԿ-ի համար չեն, ՀՀԿ-ն հիսթերիայի մեջ է. Տիգրան Ուրիխանյան

Aysor.am-ի զրուցակիցն  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է: Անցնող շաբաթվա ընթացքում կային խորհրդարանական նիստեր, և ինչպես ակնկալվում էր,  շաբաթը հագեցած էր:

ԲՀԿ պատգամավորի հետ խոսել ենք ԱԺ նիստերի, դրանց ընթացքում հնչած վիրավորանք-հայտարարությունների, պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման և մի շարք այլ հարցերի մասին:

-Պարոն Ուրիխանյան, անցնող շաբաթն ինչպիսի՞ն էր, ի՞նչ քաղաքական զարգացումներ գրանցվեցին, ինչպե՞ս կամփոփեք ԱԺ քառօրյան:

-Այս շաբաթվա ընթացքում եղավ այն, ինչ լինում է այս տարիների ընթացքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուչները` ձեր խոնարհ ծառան մասնավորապես, հանրության բացարձակ գերակշռող մասի դժգոհությունը արտաբերեց խորհրդարանական հարթությունում, իհարկե ոչ իշխանական ուժերի հետ միասին:

Թե գործադիր, թե օրենսդիր քաղաքական մեծամասնության կողմից ԲՀԿ-ն ստացավ նույն վերաբերմունքը, ինչպես նախկինում: Սակայն այս քառօրյայում, իմ դիտարկմամբ, կար մի առանձնահատկություն, յուրահատուկ մի նյարդային, ջղային պոռթկում, հիսթերիա, կներեք բառիս համար, քաղաքական մեծամասնության կողմից: Պատասխանատվության մահակը նրանց գլխավերևում չափազանց տեսանելի է և անդառնալի է թվում նրանց, դրա համար, կարծում եմ, ագրեսիվացել են:

-Երեկվա ԱԺ նիստի ժամանակ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև: Արդյոք կոռե՞կտ է ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ, վիրավորանքներ հնչեցնելը:

-Կարծում եմ՝ չի եղել երբևէ դեպք կամ կդժվարանք ԲՀԿ-ականների կողմից վիրավորանքի կամ չափից դուրս գալու օրինակ բերել: Մենք ներկայացրել ենք կոնկրետ խնդիրների, փաստերի վերաբերյալ քննադատություն, խոսել ենք իրավական ձևակերպումների, թվերի լեզվով, սակայն փոխարենը ստացել ենք վիրավորանք, որը, իմ խորին համոզմամբ, հետապնդել է մի նպատակ` շեղել, զբաղեցնել հանրության ուշադրությունը: Ժողովրդի ուշադրությունը շեղել նման իրավիճակների վրա` փոխակերպելով երկրում առկա խնդիրները, որոնք ստեղծվում են կոնկրետ մարդկանց կողմից:

Եվ բնական է, որ եթե հասցվում է վիրավորանք, ապա մենք դրանց պետք է արձագանքենք` փորձելով մնալ շրջանակում:

-Հնարավո՞ր է` Հայաստանի խորհրդարանում մի օր ականատես լինենք պատգամավորների միջև բախման, ինչպես լինում է այլ երկրների խորհրդարաններում:

-Չգիտեմ ինչ է հնարավոր, ինչ չէ, սակայն սադրանքները մեզ համար չեն, ինչքան էլ մեր նկատմամբ փորձեն մանր-մունր չարություններով հանդես գալ, մենք փորձելու ենք հարվածել կոնկրետ թիրախներին, իսկ քաղաքական հարթության մեջ և խորհրդարանում թիրախը երկում առկա պրոբլեմն է:

-Պարոն Ուրիխանյան, ինչպես հայտնի է, ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին խորհրադարան պետք է ներկայացնեն կառավարությանն անվսատհություն հայտնելու հարցը: Այսօր ձեր կուսակից ընկերն ասաց, որ իշխանություններին տրվում է մեկ ամիս ժամանակ, ու եթե միչև այդ ԲՀԿ-ն պահանջվում էր մասնակի իշխանափոխության, ապա ապրիլի 28-ից հետո կպահանջի նաև ամբողջական իշխանափուխություն: Սա ԲՀԿ-ի՞ դիրքորոշումն է:

-Ես ձեզ ներկայացնեմ մեր դիրքորոշումը, դուք համադրեք: Երկրում անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ, փոփոխությունը պետք է տեսանելի լինի քաղաքացու համար իր իսկ կյանքի որակի տեսանկյունից: Եթե կոնկրետ քաղաքական , տնտեսական կուրս իրականացնորղները ի վիճակի չեն կամ ցանկություն չունեն գնալու այդ փոփոխությունների ճանապարհով, ապա նրանք պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր ունակ են պահանջվող գործողությունները հավուր պատշաճի կատարել: Որևէ սահմանափակում, որևէ կաշկանդող հանգամանք այս ձևակերպման համար չկա:

-Այսօր Սահմանադրական դատարանը քննում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը: Ի՞նչ ակնկալիք ունեք, ի վերջո ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն:

-Ուզում եմ ընդամենը հույս հայտնել, որ ՍԴ-ն ականջալուր կլինի հասարակության գերակշիռ մասի պահանջին, ինչպես նաև` 4 ոչ իշխանական ուժերի պահանջին ու կկայացնի ողջամիտ որոշում: Չէի ցանկանա ակնկալել այլ բան, պարզապես հուսով եմ, որ կլինի այդպես:

-Եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, ի՞նչ է անելու քառյակը, ո՞րն է լինելու չորս ոչ իշխանական ուժերի հաջորդ քայլը:

-Բազմիցս եղել են քննարկումներ: Սա այն խնդիրն է, որի հետևից անհրաժեշտ է լինելու մինչև վերջ գնալ, որովհետև ես չեմ պատկերացնում` ինչպես պետք է շարունակել կյանքը Հայաստանի Հանրապետությունում մի ելակետից սկսած, երբ կխախտվի ժողովրդի գերակշռող մասի սահմանադրական իրավունքը: Հետևաբար վստահ եմ, որ կլինեն համապատասխան գործողություններ քառյակի կողմից:

-Պարոն Ուրիխանյան, նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևի վերաբերյալ Հայաստանի քվեարկությանը մեծ աղմուկ բարձրացրեց: Ի՞նչ եք կարծում` ինչպես պետք է քվեարկեր ՀՀ-ն:

-Ես, պարզապես, կոռեկտության մեջ մնալով` կասեմ, որ այդ հարցի պատասխանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական գերատեսչության կամ նրանց կողմից լիազորվածների կոմպետենտության ոլորտում է: Ես զերծ կմնամ մեկնաբանությունից, թեև սրանով իսկ տալիս եմ որոշակի պատասխան:

Նախորդող հրապարակումներ` Ծառուկյան-Իվանաշվիլի. Երկուսն էլ հայրենասեր մարդիկ են. Լյուդմիլա Սարգսյան

Շարմազանովը` ԱԺ քառօրյայի, հանձնաժողովների, ԲՀԿ-ի և Ր. Հովհաննիսյանի մասին

Քաղտեխնոլոգ. Երբ Մոսկվան որոշի, այն ժամանակ էլ կփոխվի Հայաստանի վարչապետը

Սադրանքները ԲՀԿ-ի համար չեն, ՀՀԿ-ն հիսթերիայի մեջ է. Տիգրան Ուրիխանյան