.jpg)
ՍԱՊԾ-ն «Երևան սիթիում» ժամկետնանց խմորեղեն չի գտել. Aysor-ի նյութի հետքերով
Ինչպես Aysor.am-ն արդեն տեղեկացրել էր, մարտի 7-ին Երևան քաղաքի բնակիչներից մեկը Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևան-Սիթի խանութից գնելով տորթ՝ հայտնաբերել էր, որ այն ժամկետանց է: Այդ հրապարակման հիման վրա Սննդի անվտանգության պետական ծառայությունը մարտի 17-ից սկսած՝ հիշյալ ցանցային բոլո վաճառակետերում դիտարկումներ է իրականացրել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը վստահեցրեց, որ իրենք հետևողականություն են ցուցաբերում և միշտ արձագանքում են բոլոր ահազանգերին: «Այդ քաղցրավենիքից մեր երեխաները նույնպես օգտվում են, և մենք խիստ հետևողականություն ենք ցուցաբերում»,- ասաց նա՝ շարունակելով, որ դիտարկումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև խիստ պարտադիր: Ավելին՝ նրա հավաստմամբ, այդ դիտարկումներն իրականացվում են պարբերաբար և բոլոր խանութներում:
Ա. Սուքիասյանի խոսքով՝ դիտարկումներ իրականցնելու ընթացքում հիշյալ մարկետի բոլոր խանութներում ժամկետանց խմորեղեններ ու քաղցրավենիքներ չեն հայտնաբերվել, բայց դա չի նշանակում, որ վերահսկողություն այլևս չի իրականացվելու:
«Այսուհետև նման դիտարկումները կլինեն հաճախակի և ոչ միայն Սիթի վաճառակետերում, այլ ամենուր, որտեղ խմորեղեններ ու քաղցրավենիք է վաճառվում: Մարտի 17-ից իրականացրել ենք դիտարկումներ Սիթի ցանց վաճառակետերում և ուսումնասիրության թիրախ են հանդիսացել այդ խանութում վաճառվող տորթերն ու քաղցրավենիքները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ պահին ժամկետնց խմորեղեններ չեն հայտնաբերվել»,- ասաց նա՝ հավելելով, թե դժվարանում է ասել՝ խանութում տեղյակ եղե՞լ են նախաձեռնվող ուսումնասիրության մասին, թե ոչ, բայց մի բան հստակ է` ժամկետնց արտադրան այդ պահին չի հայտնաբերվել. «Ենթադրում ենք, որ խախտման վերաբերյալ հրապարակման մասին տեղյակ են եղել»,- հավելեց նա:
Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ գնված տորթի տուփի վրա ամրագրված է եղել խմորեղեն արտադրող ընկերության անվանումը, որի հետ նույնպես փորձել էինք կապ հաստատել, բաց այդպես էլ մեզ չէր հաջողվել: Ա. Սուքիասյանի հավաստմամբ՝ խանութի պատասխանատուները պնդել են, թե «Երևան սիթի» խանութների ցանցն այլևս չի համագործակցում «Queen cake» ընկերության հետ և այդ խանութներում այլևս չի վաճառվում հիշյալ ընկերության արտադրանքը:
Նկատենք, որ մենք մեր հրապարակման մեջ նկարներով ցուցադրել էինք, որ ահազանգող բնակիչը գնել էր ոչ թե «Queen cake», այլ «Gayane cake» ընկերության արտադրանք:
Մենք էլ մեր հերթին մի փոքրիկ ուսումնասիրություն իրականացրեցինք «Երևան սիթի» խանութում. Ի տարբերություն ՍԱՊԾ-ի, սակայն, մենք վաճառակետերում գտանք «Gayane cake» ընկերության կողմից արտադրվող խմորեղեն:
Ա. Սուքիասյանից հետաքրքրվեցինք, թե մինչ այս դեպքը եղե՞լ են ահազանգեր այս մարկետում վաճառվող խմորեղնների վերաբերյալ: Նա պատասխանեց, որ ահազանգ եղել է՝ ընդամենը մեկը, իսկ ընդհանուր առմամբ, խմորեղենների վերաբերյալ ահազանգերը հաճախակի են դառնում հատկապես ամռանը: