«Bleacher Report». Մխիթարյանն իր տրանսֆերը չի արդարացրել
29/03/2014 17:11

«Bleacher Report». Մխիթարյանն իր տրանսֆերը չի արդարացրել

Բրիտանական «Bleacher Report»-ը վերլուծել է Դորտմունդի «Բորուսիայի» ամառային տրանսֆերային պատուհանի ձեռքբերումները` Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գերմանական ակումբ համարելով ամենաանհաջողն ու չստացվածը:

«Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» տեղափոխվեց ահռելի գումարով և նրա խնդիրը Մարիո Գետցեին փոխարինելն էր, բայց նա չի կարողանում լիովին արդարացնել սպասելիքները: Եթե ուշադիր լինենք վիճակագրությանը, ապա ամեն ինչ այնքան էլ վատ չէ. Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 35 պաշտոնական հանդիպման` դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բայց քիչ են այն հանդիպումները, որոնցում Մխիթարյանը սեփական գործողությունների միջոցով կարողանար փոխել խաղի ելքը:

Կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի մրցաշարում դարձել է միայն 2 գոլի հեղինակ` աչքի ընկնելով «Արսենալի» և «Զենիթի» հետ կայացած արտագնա խաղերում: Վիճակագրությունն ասում է, որ Մխիթարյանը գոլեր է խփում կամ գոլային փոխանցումներ է կատարում Բունդեսլիգայի այն խաղերի ժամանակ, երբ «Բորուսիան» արդեն իսկ հաղթում է 3 կամ ավելի գնդակի տարբերությամբ:

Մնացած բոլոր դիմակայություններում Մխիթարյանը ոչնչով չի կարողանում օգնել թիմին: Հաշվի առնելով նրա տրանսֆերային գումարը, այս ձեռքբերումը կարելի է չհաջողված համարել: Իհարկե, հայ կիսապաշտպանը տաղանդավոր է և միայն քրտնաջան աշխատանքի դեպքում կկարողանա մոտ ապագայում լավ դրսևորել իրեն»,- գրում է պորտալը: