.jpg)
ՄՄ ներկայացուցիչ. Հայաստանի` ՄՄ-ի անդամակցության հետ խնդիր չի առաջանա
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ որևէ խոչընդոտ չի առաջանա՝ ՄՄ անդամակցության հետ կապված»,- այսօր Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ այս մասին հայտնեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ իր ուրախությունը հայտնելով Հայաստանի` ՄՄ-ին միանալու ինտեգրաման ծրագրի առնչությամբ:
«Մենք սպասում էինք միջազգային գնահատականների. դրանց մեծամասնությունը բացարձակ քաղաքականացված են»,- ասաց նա:
Ըստ Տ. Վալովայայի՝ 20 տարի առաջ ծնվեց Մաքսային միություն ստեղծելու գաղափարը և այսօր այդ միությանն է միանում նաև Հայաստանը. «Անգամ առկա խոչընդոտներով կարելի է հպարտությամբ ասել, որ Եվրասիական ինտեգրացիոն պրոեկտը անդամ պետությունների տնտեսական աճի համար հզոր խթան հանդիսացավ»:
Տատյանա Վալովայայի խոսքով՝ ՄՄ-ն այն միությունն է, որտեղ հարցերը լուծվում և հետագայում ևս լուծվելու են կոնսենսուսով, անգամ ամենազգայուն հարցերը. «Հայաստանն արագ է իրականացնում ՄՄ-ի անդամակցության հետ կապված բոլոր գործընթացներն ու հարցերը: Արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են, թեև ինտեգրացիոն գործընթացները նոր են սկսվում»:
Ինչ վերաբերում է ՄՄ-ի անդամակցության ճանապարհային քարտեզին, ապա բանախոսը փոխանցեց, որ այն ոչ միայն համապատասխանում է ժամանակացույցին, այլև առաջանցիկ տեմպ է արձանագրում: