Ջերմոցներում կարողացել են բանջարեղենը պաշտպանել
31/03/2014 20:26

Ջերմոցներում կարողացել են բանջարեղենը պաշտպանել

Նախօրեին տեղացած ձյունը իսկական տարերային աղետ է հանրապետության հատկապես ցածրադիր վայրերի գյուղատնտեսությամբ զբաղվող անձնաց, մեծ հաշվով, նաև հանրապետության համար: Դեռևս կհաշվեն դրա վնասները. եղանակային վայրիվերումներն ազդեցին հատկապես ծիրանի, կեռասի, սալորի, դեղձի բերքի վրա: Թեև Արարատյան դաշտում այս ծառապտուղները սկսել էին պտղակալել, սակայն ցուրտը նաև պտղակալած ծառերին է վնասել. Հաշվել երևի թե պետք չէ. Վնասն անդառնալի է:

Համեմատաբար քիչ վնաս է հասել ջերմոցային, այն էլ հատուկ կառուցված ջերմոցներին, որոնց կոնստրկուցիոն համակարգն առավել ամուր է և ձյան ծանրությունից չի ճկվել:

Արարատի մարզի բնակիչ Արտաշը երեք ջերմոցներում վաղահաս կարտաֆիլ է մշակում: Aysor.am-ի հետ զրույցում պատմեց, որ ողջ գիշեր չի քնել, կրկնաշերտով ծածկել է ջերմոցները, իսկ ժամը երեքից հետո ծուխ է դրել ջերմոցներում: Հույս ունի, որ կարտոֆիլը չի ցրտահարվել, քանի որ կարողացել են պահապնել բավականին բարձր ջերմաստիճանային պայմաններ:

«Առավոտը հինգ աստիճան էր»,- ասաց Անահիտը, ով նույնպես ջերմոցային մշակությամբ է զբաղվում: Նա երկու ջերմոցում հազար ու սամիթ է աճեցնում, սամիթի ջերմոցը գազի վառարանով է տաքացրել, քանի որ ծուխ դնելուց կանաչեղենը գունափոխվում և որակազրկվում է. «Էրեկ սաղ ծածել էինք ջերմոցները տեղը տեղին,մեր ջերմոցներում մինչև վեց աստիճան ցրտին կդիմանան»:

Ջերմոցներում կարտոֆիլի կանաչ զանգվածին ծուխը չի վնասում, դրա համար էլ Արտաշը ծուխ է դրել. Մարդիկ գիտեն` որ ջերմոցային բույսի դեպքում որ ջերմացնող միջոցն օգտագործեն:

Նախօրեին ցերեկը այգում խոտ ու ճյուղեր էին պատրաստել այգում ևս ծուխ դնելու համար, սակայն ձյունը Անահիտի ծրագրերը խառնել է. «Այս եղանակին, ձյուն ա, ծուխը չի օգնի, ո'չ ծիրան կունենաք, ո'չ էլ խնձոր. Միրգ չկա»,- ասաց Անահիտը:

Արտաշի կինը ամուսնու հետ ճյուղեր էր հավաքել, որ այգու ծիրանենիները պաշտպանեն, սակայն անգամ չեն էլ վառել, քանի որ «նման եղանակին ոչ մի բան էլ չի օգնի, լրիվ բերքը ցուրտը տարել ա: Էս տարի ծիրան չկերանք»:

«Մերը ջերմոց ա, մենք կարանք բերքը փրկենք, բայց մեր կողքի գյուղերում մենակ ծիրան են մշակում, էդ ա նրանց տարվա եկամուտը: Ամեն ինչ կորցրել են»,- կարծիք հայտնեց հողագործը:

Ցրտերը դեռ չեն ավարտվել, հողագործներին սպասվում է ևս մեկ-երկու օրվա անքուն գիշերներ և անհանգիստ աշխատանքային օր: Իսկ ծիրանենիների տերերին դեռ ծանր օրերն առջում են:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությւոնը փորձնական արտերկրից ցածրիկ ծիրանենիներ է ներմուծել` տեղի սորտերի վրա պտվաստելու համար, հույս ունեն ցածրիկ ծիրանենիների տեսակները կարող են տարբեր միջոցներով ցրտից պաշտպանել, իսկ ներկայումս բարձր ծիրանենիները գործնականում դժվար է պաշտպանել, հատկապես, երբ հողօգտագործողները այնպես են էտում ծառերը, որ դրանք վեր են բարձրանում` առավել դժվարացնելով ցրտահարությունից ծառերի պաշտպանությունը:

Ջերմոցներում կարողացել են բանջարեղենը պաշտպանել