.jpg)
Թուրքագետ. Հուսով եմ, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները հետքայլ կորակվեն
Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այս երկրում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ՝ հաշվարկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններին, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը.
«Ընտրության արդյունքների հրապարակման ժամանակ եղան հոսանքի մի քանի անջատումներ և ամեն անջատումից հետո ակնհայտ տարբերություններ նկատվեցին թվերի մեջ: Չգիտեմ, թե ինչ արձագանք կտա արևմտյան աշխարհը, բայց հուսով եմ, որ այս ընտրությունները հետքայլ կորակվեն»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Այնուամենայնիվ, թուրքագետի խոսքով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության այս հաղթանակը ՏԻՄ ընտրություններում, Էրդողանին հաղթական ոգի է պարգևել.
«Այդ ոգով նա կսկսի պայքարը նախագահական ընտրություններին ընդառաջ: Սակայն, պետք է հիշենք, որ այս երկու ընտրությունների միջև միանշանակ տարբերություններ կան: Եթե ՏԻՄ-ի դեպքում ընտրում էին Էրդողանի կուսակցությունը, ապա հիմա ընտրելու են Էրդողանի անձը»,- ասաց թուրքագետը:
Միաժամանակ Արտակ Շաքարյանը նշեց, որ այս ընտրություններով էլ ավելի բարդացավ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը.
«Քանի որ այս ընթացքում եղան սպանություններ ու ձերբակալություններ»,- ասաց թուրքագետը: