.jpg)
Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր
Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի վերջին օրը մրցեցին պտտաձող, հենացատկ և զուգափայտ մրցաձևերի եզրափակիչ մտած ութական մարզիկները: Կրկին գերազանց մրցելույթներով աչքի ընկավ Եվրոպայի մրցանակակիր երևանցի հենացատկորդ Արթուր Դավթյանը: Նրա ցատկերը գնահատվեցին 15,262 միավորով: Արդյունքում Արթուրը դարձավ միանձնյա առաջատար, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց հաղթողի ոսկե մեդալով:
Այսպիսով` Հայաստանը ներկայացրած չորս մարզիկներից երեքը տուն վերադարձան ոսկե, իսկ մեկը` արծաթե մեդալով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիրավի, գովասանքի են արժանի մեր մարմնամարզիկները, նրանց անձնական և հավաքականի մարզիչները:
Մարմնամարզության ֆեդերացիան ներկայացնում է երեք մարզաձև` սպորտային, գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա: Այսքանով հանդերձ` հայրենի կառավարությունը երեք մարզաձև ընդգրկող ֆեդերացիային տրամադրում է ընդամենը 35 միլիոն դրամ: Այդ գումարով հնարավոր չէ կազմակերպել ցանկալի թվով ուսումնամարզական հավաքներ և մասնակցել արտագնա մրցումների: Ավելին` հավաքականը մարզվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում, որտեղ վերջին անգամ 12 տարի առաջ են տեղադրվել նոր գործիքներ: Դրանք արդեն մաշվել են ու չեն համապատասխանում պահանջներին: Մինչդեռ միջազգային չափանիշներով օլիմպիական յուաքանչյուր քառամյա փուլի ավարտից հետո պետք է նորացվի մարզագույքը: Ուստի հարկավոր է գնել նոր հավաքածու, որը մեծ դեր կունենա հետագա հաջողությունների համար: