Հակոբ Հակոբյանը՝ ՍԴ-ում. Չեմ լսել մի բան, որին հակափաստարկ պետք է բերեի
31/03/2014 17:34

Հակոբ Հակոբյանը՝ ՍԴ-ում. Չեմ լսել մի բան, որին հակափաստարկ պետք է բերեի

Ես այստեղ չեմ լսել մի բան, որին պետք է հակափաստարկ բերեի: Սահմանադրական դատարանում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի սահմանադրականության հարցի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Ես այստեղ լսել եմ միայն դասախոսություններ, որոնք կարդում էին մարդիկ, որոնք դա չէին էլ գրել: Դիմող կողմը անընդհատ մեջբերում է Սահմանադրական դատարանին, թե տեսեք դուք այսինչ որոշումն եք կայացրել, այնինչ որոշումն եք կայացրել: Ցավոք, չեմ կարող ասել, թե որքանով են այստեղ հնչած մտքերը և Բարձր դատարանի նախորդ որոշումներն այստեղ ցիտելը նպատակահարմար, ես ավելորդ համարեցի ներկայացնել մի բան, որ Բարձր դատարանն ինձանից լավ գիտի: Անիմաստ եմ համարում տարբեր փաստաթղթերից մեջբերումներ անելով տպավորություն ստեղծելը»,-ասաց Հակոբ Հակոբյանը և մինչ կփորձեր շարունակել ՍԴ նախագահն ընդմիջեց՝ խնդրելով անդրադառնալ հիմնական դրույթներին, ինչից հետո Հակոբ Հակոբյանը շարունակեց: Մինչ այդ նա անդրադարձել էր իրենց հասցեին հնչող մեղադրանքներին.

«Այս երկու օրը բոլորը մեզ մեղադրում են նրա համար, որ մենք գնացող քաղաքացուն ուզում ենք տալ իր կուտակած կենսաթոշակը, բա ի՞նչ անենք, ինչպե՞ս չտանք հետը տանի:

Երաշխիքների հետ կապված, նա ասաց, որ մեր այսօրվա համակարգը բացարձակ աներաշխիք համակարգ է:

«Երբ խոսում եք 45 տարվա մասին, ապա ես այստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս. ո՞վ ունի իր 45 աշխատանքային տարվա հարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու երաշխիք: Երբ ուշադիր նայում ենք օրենքի ամբողջ ընթացքը, արգելանքի ինստիտուտը սկզբում չկար օրենքում, մենք հետո ենք ավելացրել: Ինչո՞ւ ենք ավելացրել. նրա համար, որպեսզի քաղաքացու պարտադիր վճարը գործատուի կողմից չկատարվելու դեպքում դառնա առաջնային վճար, որպեսզի մասնակիցը չտուժի: Ընդ որում՝ օրենքում ամրագրել ենք հստակ նորմ. բոլոր կարգի տույժ-տուգանքները, որոնք առաջանում են պետության, հարկային գործակալի և այլնի պատճառով, դրանք գնում են ուղիղ մասնակցի հաշվին: Այսինքն՝ այդ ամբողջ գումարը, որն առաջանում է տույժ-տուգանքի տեսքով՝ ուղղակի գնալու է ավելացնելու մասնակցի ներդրումը»,-ասաց նա:

Ավարտելով իր ելույթը, Հակոբ Հակոբյանն ասաց, որ Բարձր դատարանի ուշադրությունը հրավիրում է օրենքի պատմական կարևորության վրա: Նա ասաց՝ լիահույս է, որ ՍԴ-ն կիսում է Հայաստանի լուսավոր ապագայի հանդեպ իր հավատը:

Հակոբյանի ելույթից հետո Սահմանադրական դատարանն այս փուլում  ավարտեց քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Սդ նախագահը հայտարարեց, որ որոշումն այսօր չի լինելու, իսկ թե երբ կլինի, կհայտարարվի լրացուցիչ:

Նախորդող հրապարակումներ` Արծվիկ Մինասյան. Խնդրում եմ, մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել

 Արծվիկ Մինասյանի ամփոփիչ ելույթը ՍԴ-ում. Պատասխանողը, ըստ էության, չառարկեց

ՍԴ-ում սկսվել են դիմող կողմի ամփոփիչ ելույթները

ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»

Երիցյանը՝ Մինասյանին. Դուք թյուրիմացության մեջ եք գցում. Սննկացած ֆոնդ չկա

ԿԲ-ն պատասխանում է ՍԴ հարցերին. Ի վերջո, Չիլիի մոդելից ի՞նչն է վերցրել ՀՀ-ն

ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը

 

Հակոբ Հակոբյանը՝ ՍԴ-ում. Չեմ լսել մի բան, որին հակափաստարկ պետք է բերեի