.jpg)
Իրինա Դանիելյան. Իմ իրական կյանքում տրագիզմ չկա
Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» ժամանցային հեռուստածրագիրը հայ հասարակության կողմից, կարծես թե, ընդունվեց. դրանում մեծ դեր խաղացին հենց հաղորդավարուհիները, որոնք, մեր մեջ ասած, հասցրել են վայելել հեռուստադիտողների համակրանքը: Դերասանուհի Իրինա Դանիելյանը, ով հաղորդման չորս հաղորդավարուհիներից մեկն է, ևս այդ կարծիքին է: Life.panorama.am-ը վերջինիս հետ զրուցել է հաղորդման, թատրոնում, սերիալներում խաղալու, նրա կերտած կերպարների և այլ թեմաների շուրջ ու պարզել՝ ինչպիսին է դերասանուհու կողքի տղամարդը:

-«Մեր մեջ ասած» հաղորդումը, կարծես, սիրվեց հեռուստադիտողի կողմից, կարծում եք՝ հայ կանանց և, առհասարակ, հեռուստադիտողներին, ամենաշատն ի՞նչն է գրավում հաղորդման մեջ:
-Գրավում են անմիջականությունը, հաղորդավարների միջև ծավալվող հաճելի զրույցները: Բացի այդ՝ «Մեր մեջ ասած»-ն ունի նաև տեղեկատվական գործառույթ: Մենք հաղորդում ենք տեղեկություններ, որոնք շատերին հայտնի չեն, խոսում ենք մտածելու տեղիք տվող թեմաներից, օրինակ՝ բռնությունից:

-Հաղորդավարի աշխատանքին զուգընթաց հասցնո՞ւմ եք խաղալ թատրոնում:
-Այո, այժմ Կամերային թատրոնում խաղում եմ «Նազար» ներկայացման մեջ: Կարծում եմ՝ նազարների թեման միշտ արդիական է և ներկայացման մեսիջը հասնում է հանդիսատեսին: Նազարները եղել են, կան ու կլինեն:
-«Ջին- Ջան» ներկայացման մեջ տեսնում ենք ակնարկ՝ կանանց սին ու անհասկանալի ցանկությունների մասին. դրանցից ինքներդ ունեցե՞լ եք:
- Չէի ասի, որ ես այդ տեսակն եմ. հիմնականում գիտեմ՝ ինչ եմ ուզում:
- Ձեր կողքին կա՞ այն տղամարդը, ում համար այդ անհասկանալի ցանկությունները հասկանալի են:
-Իմ կողքին միշտ հենց այդպիսի տղամարդ է լինում:

-Թվում է՝ ինչպես բեմում եք կերտում միաժամանակ կատակերգական և դրամատիկ կերպարներ, նույն այդ կերպարները կրում եք ձեր մեջ. այո՞
-Իմ իրական կյանքում տրագիզմ չկա, բնույթով ավելի կենսուրախ մարդ եմ:
-Նշել եք, որ հայկական սերիալներ չեք սիրում, բայց որ առաջարկեն նկարահանվել՝ կհամաձայնվեք. ինչպե՞ս սա հասկանանք:
-Ես այդ սերիալի ժանրը չեմ սիրում. արագ պատրաստվելու ճանապարհին տուժում է որակը: Իսկ նկարահանվելն իմ աշխատանքն է, եթե հրավիրեն՝ կգնամ:
-«Տիկին Ջեմիկ» հեռուստաֆիլմում Ձեր կերտած դաժան կերպարի մեսիջը տեղ հասա՞վ:
-Կարծում եմ, իմ կերպարն այդ ֆիլմում հասկացվեց, պետք էր այդ մեսիջը փոխանցել հատկապես ջեմիկներին, հուսով եմ՝ ստացվել է:
- Դուք հաճախ եք հանրապետությունից դուրս լինում, նշել եք, որ այցերը երբեմն նաև գործնական նպատակ են ունենում, ինչ -որ հետաքրքիր առաջարկ ունե՞ք:
-Այս տարի ավելի քիչ եմ լինում արտերկրում՝ «Մեր մեջ ասած»-ի շրջանակներում զբաղվածության պատճառով: Իսկ նոր առաջարկ դեռևս չունեմ:

-Ներկայիս թատերական աշխարհում ի՞նչն է ձեզ ուրախացնում :
-Ինձ ոգևորում է այն փաստը, որ մեր քաղաքն այս առումով բավականին ակտիվ է. մշտապես բեմադրվում են լավ ներկայացումներ, իսկ թատրոնների դահլիճներն էլ մեծ մասաբ լեփ-լեցուն են:
-Կարողանո՞ւմ եք ձեր աշխատանքով բարեկեցիկ ապրել:
-Իհարկե՝ ոչ. դերասանի աշխատանքով՝ոչ:
Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ: