.jpg)
«Նեղվում եմ, երբ ինձ ներկայացնում են որպես շոու-բիզնեսի ներկայացուցիչ»
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հետ:

-Հիմա բացի «Պրեմիերայից», ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Աշխատում եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որպես ջազ վոկալի ուսուցչուհի, մասնավոր պարապում եմ նաև աշակերտների հետ: Երբեմն ակումբներում համերգներ եմ ունենում:
-Դժվար չէ՞ այդքան երիտասարդ տարիքում դասավանդել:
-Դե, թեև շատ փոքր եմ երևում, բայց այդքան էլ փոքր չեմ (ծիծաղում է): Արդեն երկուսուկես տարի է կոնսերվատորիան ավարտել եմ ու դասավանդում եմ: Աշակերտներս 8-ից 18 տարեկան են:
-Գո՞հ եք ապագա սերնդից:
-Նախ ասեմ, որ հիմա երեխաները ուրիշ հետաքրքրություններ ունեն, քան մի 20 տարի առաջ: Ես ուզում եմ իմ աշակերտներն առաջին հերթին գրագետ լինեն, ոչ թե ուղղակի ձայն հանեն կամ գեղեցիկ երգեն: Թող մեծամտություն չթվա, բայց ինձ թվում է՝ մի քիչ տարբերվում են աշակերտներս:
-Սուսաննա, դուք մասնակցում եք Շանթ հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին: Մթնոլորտը ինչպիսի՞ն է:
-Հավատացեք, շատ դրական, ընկերական մթնոլորտ է: Իհարկե, մրցակցություն կա, պայքարի մեջ են նաև երկրպագուները: Բայց այդ ամենը չի կարող ազդել մեր ընկերական հարաբերությունների վրա: Մեզ համար դա ամենակարևորն է:

-Եթե այս ամենին հետևեք հանդիսատեսի աչքերով, ապա ո՞ւմ կողմնակիցն եք, ում կատարումներն են ձեզ հուզում:
-Գիտեք, այս անգամ երգերը բավականին լավն են: Երևի, կքվեարկեի Արթուր Ալեքի՝ «Դու կաս» երգի և Սուրեն Առուստամյանի ՝«Հայրենիք» երգի համար: Նաև իմ երգն եմ շատ սիրում ու գնահատում, շատ յուրօրինակ երգ է, տարբերվում է բոլորից: Թեև իմ երգի բառերը շատ տխուր են, բայց քանի որ գործիքավորումը կատարել ենք «պոզիտիվ», ապա լսելիս տրամադրությունը բարձրանում է… Բայց ասեմ, որ բոլոր երգերն են գեղեցիկ ու հետաքրքիր ստացվել՝ նամանավանդ վերջին տարբերակում…Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ գնահատեն, սիրեն ու լսեն…
-Յուրաքանչյուր մարդ, ով նոր է ոտք դնում որևէ բնագավառ, կարիք ունի արգելքներ հաղթահարելու: Ձեզ համար դեռևս չհաղթահարված արգելքներ կա՞ն:
-Իհարկե, կան արգելքներ, բայց դրանք ոչ թե անհաղթահարելի են, այլ ինքս չեմ ուզում հաղթահարել…
-Դուք ձեզ շոու-բիզնեսի մասնիկ համարո՞ւմ եք:
-Ճիշտն ասած՝ ես նեղվում եմ մի քիչ, երբ ինձ ներկայացնում են որպես շոու-բիզնեսի ներկայացուցիչ… Ես ինձ չեմ համարում շոու-բիզնեսի մարդ: Ես երգում եմ, անում եմ այն ամենը, ինչը ինձ դուր է գալիս… Իսկ շոու-բիզնես հասկացողությունը մի քիչ այլ է:

-Սուսաննա, դառնալով 2006 թվականի «հայ սուպերսթար»՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք: Ինչո՞վ եք կարևորում այդ հաղթանակը:
-Այդ տարի ավարտում էի դպրոցը և պատրաստվում էի ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Նախագծին մասնակցելուց հետո մտքափոխ եղա, քայլերս ինձ տարան ջազ-վոկալ բաժին: Պատկերացրեք, որ հիմա փոշմանում եմ, շատ ավելի լավ կլիներ, որ հմտանայի դաշնամուրային գիտելիքներով (ծիծաղում է): Այ այդպիսի հեղաշրջում արեց «Հայ սուպերսթարը» իմ կյանքում: Նաև այն փորձը, որ ձեռք բերեցի այդ ամիսների ընթացքում, անփոխարինելի է…
-Իսկ ինչո՞ւ եք զղջում դաշնամուրի փոխարեն երգը ընտրելու համար: Երգելը ձեզ դուր չի՞ գալիս:
-Ոչ-ոչ, ես մանկուց միշտ երգել եմ ու երազել եմ երգչուհի դառնալու մասին: Երբևիցե չէի էլ պատկերացնում, որ նման հաջողություններ կունենամ: Պարզապես կցանկանայի իմ գործիքին ավելի լավ տիրապետել, այն շատ լուրջ գործիք է: Տասնամյա դաշնամուրային կրթություն ունեմ: Նաև ասեմ, որ ցավոք սրտի, դաշնամուրի բաժնում ավելի լուրջ գիտելիքներ են փոխանցում, քան վոկալի բաժնում…Վոկալով կարող էի զբաղվել կողքից: Թեև, դեռ ուշ չէ:
-Սուսաննա, մի շատ ծեծված ու տարածված հարց եմ ուզում ձեզ տալ. եթե երբևիցե ընտանիք-կարիերա ընտրության առջև կանգնեք, ի՞նչ կանեք:
-Շատ բարդ հարց է: Իհարկե, կցանկանամ, որ իմ կողակիցը ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Իսկ եթե չընդունի, բայց ես գտնեմ, որ ինքն արժանի անձնավորություն է (հիմնականում արժանի չեն լինում), միանշանակ կընտրեմ ընտանիքս:

-Վստահորեն ասացիք, որ հիմնականում ոչ-ոք արժանի չի լինում… Երբևէ հիասթափություն ապրե՞լ եք:
-Այդ մասին չեմ ցանկանա խոսել…Պարզապես միշտ նկատել եմ, որ հայ տղամարդիկ այնքան էլ չեն գնահատում իրենց կանանց…Ինձ համար օրինակելին իմ հայրն է: Միշտ տեսել եմ, թե ինչպես է հայրս մայրիկիս մեծարում, գնահատում…
-Իսկ հայ տղամարդկանց ո՞ր բնավորությունն է, որ կանանց վանում է:
-Շատերի համար կինը ոչ թե 2-րդ տեղում, այլ նույնիսկ մի քանի քայլ ավելի ներքև է գտնվում: Չգիտես ինչու, շատերը բռնանում են կանանց ազատ արտահայտվելու վրա… Կցանկանայի, որ առավել հաճախ մտքեր փոխանցեին, խորհրդակցեին, ընդհանուր հայտարարի գային, ինչը շատ կարևոր է ընտանիքի համար: Իհարկե, լինում են պահեր, որ տղամարդը պետք է ասի ոչ և ոչ մի բան չբացատրի, բայց հիմնականում միշտ է այդպես լինում, ինչը շատ սխալ է:
-Ինձ չեք համոզի, որ ձեր գեղեցիկ ժպիտով ու նուրբ բնավորությամբ սրտեր չեք գրավել… Հիմա ձեր կողքին այդ գրավվածը կա՞, թե ինքը դեռ չի հասցրել ձեզ գրավի:
-(Ծիծաղում է) Ոչ, չկա նման մարդ:
-Շա՞տ պահանջկոտ եք այդ հարցում:
-Երևի… Նա պետք է լինի լավ մարդ, խելացի, սրտաբաց, գնահատող, հասկացող ու հարգող… Ինձ համար հարստությունը, ֆինանսական կարողությունը պարտադիր պայման չի: Ամենակարևորն այն է, որ քեզ համար լավ ընկեր լինի: Դա կյանքը ոչ միայն կհեշտացնի, այլ նաև կհետաքրքրեցնի:
Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ: