Արարատի մարզում 18 հակակարկտային կայան կտեղադրվի
01/04/2014 17:58

Արարատի մարզում 18 հակակարկտային կայան կտեղադրվի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փոխվարչապետը նախ այցելել է Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի և շրջակա մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Համայնքների ղեկավարները ներկայացրել են ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, նշվել է, որ համայնքներին վնաս է պատճառել նաև ուժեղ քամին: Քննարկվել են ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները` մասնավորապես բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները ավելացնելու և այլ միջոցներով: Ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել են ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր: Կարևորվել է նաև հակակարկտային միջոցառումների իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայան, որից 7-ը` միայն Արմաշ համայնքի տարածքում: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կարկտահարության վտանգը, քննարկվում է նաև հակակարկտային կայանքների երկրորդ գոտին ունենալու հնարավորությունը: Կքննարկվեն նաև քամու հետևանքով վնասված շենք-շինությունների վերանորոգմանն աջակցելու մեխանիզմները:

Այնուհետև Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին համայնքապետներ, Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ղեկավարներ, փոխվարչապետն անդրադարձել է ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում բարձրացված մտահոգություններին:

«Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որպեսզի վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»,- նշել է նա:

Փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերը ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Նա նաև տեղեկություններ է ներկայացրել Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի մասին:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադառնալով վնասի ծավալներին` տեղեկացրել է, որ դրանք ճշգրտվում են, և վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին: Գյուղնախարարությունը, ըստ նրա, ներկայումս գյուղացիական տնտեսությունների համար ցրտահարության հետևանքները մեղմելու ուղղությամբ է աշխատանքներ իրականացնում: Նախարարությունը մասնավորապես աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային կուլտուրաների որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ կուլտուրաների սերմեր: Նախարարը կարևորել է ցանքատարածությունների ավելացումը և այլ կուլտուրաների մշակումը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը, ինչպես նաև նշել է, որ կառավարությունն ավելի արդյունավետ պայքար է մղելու մարզում առկա «կարտոֆիլի և լոլիկի ցեց» կոչվող վնասատուի դեմ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա օրերին համայնքապետները կհաշվարկեն սերմացուի պահանջարկը և դրանց տեսակների ու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն մարզպետարան: Փոխվարչապետն ու գյուղնախարարն այնուհետև պատասխանել են ներկաների հարցերին: 

Արարատի մարզում 18 հակակարկտային կայան կտեղադրվի