Փոխնակ մայրություն. Երջանկությո՞ւն, թե` «տուրիստական արգանդ»
01/04/2014 21:00

Փոխնակ մայրություն. Երջանկությո՞ւն, թե` «տուրիստական արգանդ»

Սուրոգատ կամ փոխնակ մայրության ծրագրով առաջին երեխան` աղջիկ, ծնվել է 1985 թ. հունվարի 4-ին հյուսիսային Լոնդոնի կլինիկաներից մեկում: Հայաստանում փոխնակ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել 2002 թվականից:

Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ), փոխնակ մայրության ծրագրերի թիրախում անպտուղ զույգերն են, որոնց տրվում է ևս մեկ հնարավորություն` ունենալ սեփական երեխային: Անպտղության պատճառները բազմաթիվ են, որոնք կարելի է բաժանել 3 հիմնական խմբի` կանացի գործոն, տղամարդկային գործոն և անհայտ ծագման անպտղություն։

Կանանց մոտ հանդիպում է երկու արգանդափողերի անանցանելիություն կամ բացակայություն, բուժման չենթարկվող անօվուլյացիա` հորմոնալ տարբեր խանգարումների հետևանքով ձվարանների թույլ աշխատանք, որը պահանջում է ուժեղ խթանում։ Տղամարդկային գործոնների պատճառ են հանդիսանում սերմնահեղուկում սպերմատոզոիդների ցածր կոնցենտրացիան, որի թեթև աստիճանի դեպքում հնարավոր է արհեստական սերմնավորում, այսինքն՝ սերմի մշակում և ներարկում արգանդի խոռոչ:

Լինում են դեպքեր, երբ կինը կարող է տալ ձվաբջիջ, բայց որոշակի պատճառներով չի կարող կրել հղիություն: Այդ պատճառներն են` բնածին արգանդի բացակայությունը, կինը պետք է ենթարկվի ճառագայթային բուժման կամ քիմիոթերապիայի, սոմատիկ հիվանդություններ, որոնց ժամանակ հղիություն կրելը վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար և այլն:

Հայաստանում Փոխնակ մայրության խնդիրների շուրջ Aysor.am-ի հարցերին պատասխանեց Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Բալայանը:

Բժշկուհին նշեց, որ փոխնակ մայրության ծրագրով Մոր և մանկան առողջության գիտահետազոտական կենտրոնը զբաղվում է արդեն երկար տարիներ: Աոաջին փորձը կատարվել է 2005 թ և միանգամից պսակվել է հաջողությամբ` արտամարմնային բեղմանվորմամբ` 2004թ եռյակ, և փոխնակ մոր տարբերակով` զույգ աղջիկներ 2006թ.:

Իսկ թե մինչև այժմ քանի՞ երեխա է ծնվել փոխնակ մոր միջոցով, Լ. Բաբայանը պատասխանեց, որ շատ են, սակայն հստակ թիվ չասաց. «Մենք նպատակ չէինք դրել հաշվել»:

Կենտրոնի բազայում ներկա պահին գրանցված բոլոր կանայք հայ են: ՀՀ օրենսդրությամբ` փոխնակ մայրության ծրագրում կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսնական զույգերը, կամ գոնե ամուսիններից մեկը, անգամ եթե նրանք չեն ապրում Հայաստանում։

Կենտրոնը նաև երաշխավորում է պաշտպանել թե' կենսաբանական ծնողների, թե' փոխնակ մորը վերաբերող օրենքի տառը: Փոխնակ մայրություն ասելով` օրենքը, նաև փոխնակ մայրը, հասկանում են, որ ծնված երեխան օտար է կրող կնոջ համար: Փոխնակ մայրը նախապես ենթարկվում է մանրակրկիտ բժշկական հետազոտության:

Լ. Բաբայանը փոխանցեց, որ փոխնակ մայրությունը ՀՀ-ում ամրագրված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, որով հստակ սահմանված է` ո՞վ է փոխնակ մայրը, ի՞նչ իրավունքներ ունի և ի՞նչ պարտականություններ է կրում։ Փոխնակ մայր կարող են լինել միայն կանայք, որոնք կամավոր համաձայնել են մասնակցել ծրագրին։

Փոխնակ մայրերին ներկայացվող պահանջներն են` տարիքը 20 - 35 տարեկան, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայություն, հոգեկան և սոմատիկ առողջություն: Կենսաբանական ծնողների և Փոխնակ մոր միջև կնքվում է պայմանագիր, որը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ: Կենսաբանական ծնողները փոխնակ մորը ամեն ամիս վճարում են որոշակի գումար, փոխնակ մոր առողջության համար պատասխանատու է բժիշկը:

Հարցին, թե ինչպես է կարգավորվում փոխնակ մոր և կենսաբանական ծնողների միջև հարաբերություները` փոխնակը մայրը կարո՞ղ է հանդիպել երեխայի հետ, Լ. Բաբայանը պատասխանեց, որ դա կարող են որոշել միայն երեխայի կենսաբանական ծնողները:

Փոխնակ մոր դեպքում` որքա՞ն է կենտրոնի ծառայությունների արժեքը հարցին, մանկաբարձ-գինեկոլոգը որևէ կոնկրետ թիվ չնշեց, միայն ասաց. «Հստակ գումար ասելը դժվար է, արժեքը կախված է բազմաթիվ գործոններից։ Հետաքրքրվող անձինք կարող են դիմել մեր կենտրոն, որտեղ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, նաև կխուսափենք որոշ թյուրիմացություններից»։

Լ. Բաբայանը վստահեցրեց, որ առ այսօր փոխնակ մայրերի և կենսաբանական ծնողների միջև որևէ էական խնդիրներ չեն ծագել՝ փոխնակ մայրերը գիտակցում են, որ կրում են օտար, ժառանգաբար ոչ հարազատ երեխայի։ Ըստ ՀՀ օրենսդրության` փոխնակ մայրը երեխայի նկատմամբ չունի իրավաբանական իրավունքներ։ Ցանկացած փոխնակ մայր ծննդաբերությունից հետո իրավունք ունի արյան գենետիկական քննության, մեկ անգամ ևս համոզվելու համար, որ ինքը չէ երեխայի կենսաբանական մայրը։ Դատական գործեր, աղբյուրի համաձայն, չեն գրանցվել:

Փոխնակ մոր դեպքում վճարները հարկվում է եկամտահարկի սանդղակով:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ Հայասատնում 4 բժշկական կենտրոններ են մատուցում փոխնակ մոր բժշկական ծառայություններ` «Վիտրոմեդ», Հանրապետական ծննդատուն, «Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն» և «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Ըստ նրա` այս տարիներին Հայաստանում փոխնակ մայրերից ծնվել է մոտ 700 երեխա, նաև օրենքում կատարվել են փոփոխություններ, որպեսզի Հայաստանը չդառնա ինչպես Հնդկաստանը`  ինկուբատոր կամ «տուրիստական արգանդ»:

Փոխնակ մոր ինստիտուտի վերաբերյալ Aysor.am-ը լսեց նաև Տեր Կյուրեղ քահանա Տալյանի տեսակետը. Տեր Հայրը նշեց, որ մերժելի է փոխնակ մոր տարբերակով երեխա ունենալ: Քահանան առաջարկում է անպտուղ զույգերին երեխա որդեգրել. «Ես շատ ընտանիքներ գիտեմ, երբ երեխա որդեգրելուց հետո երեխա են ունեցել»:

ՀԳ. Օրերս ՄԻՊ-ը առողջապահության նախարարության աշխատանքները գնահատելիս, նշել է. «Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով զույգերի արտամարմնային բեղմանվորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ուեննալու հնարավորությունից»:

Փոխնակ մայրություն. Երջանկությո՞ւն, թե` «տուրիստական արգանդ»