.jpg)
Վազգեն Խաչիկյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը` ինքնաբացարկի վերաբերյալ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի նախկին պաշտպան Վարդան Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հետ կապված հանրային պաշտպանի գրասենյակը ամբաստանյալներին նոր պաշտպան էր տրամադրել՝ Աննա Ջովանովային, ով էլ հայտնել է, որ միջնորդում է իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխել, քանի որ նրանք երբևէ չեն խոչընդոտել նախաքննությանը, և թեև ըստ մեղադրանքի` որևէ նյութական վնաս չեն հասցրել, սակայն դատախազության հաշվին 7 մլն 500 հազար դրամ վճարում են կատարել:
Նա նաև նշեց, որ որևէ հիմք չկա մտածելու, որ նոր դատավորի և ամբաստանյալներից որևէ մեկի միջև ազգակցական կապ չի հայտնաբերվի:
Մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միացան միջնորդությանը:
Դատարանը ներկայացած 2 վկաներին լսելուց հետո մտավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների հետ կապված որոշումներ կայացնելու համար:
Հիշեցնենք, որ Արշակ Վարդանյանը Վ. Խաչիկյանի գործով 3-րդ դատավորն է: Այս գործով առաջին դատավոր Մխիթար Պապոյանը այն հանձնել էր Մեսրոպ Մակյանին՝ այլ դատարանում աշխատանքի անցնելու պատճառով, իսկ Մ. Մակյանը ինքնաբացարկի որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով իր և Վ. Խաչիկյանի համակուրսեցիներ լինելու հանգամանքը:
«Որոշումից պարզ է դառնում, որ նրանց ընկերությունը ունի երկար տարիների պատմություն, և ըստ օրենքի, դատարանը պետք է այդ մասին հայտներ գործը վարույթը ընդունելու ժամանակ, սակայն թե ինչու մի քանի ամիս անց այդ մասին ասվեց, կարող է պատասխանել միայն դատավորը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր պաշտպանական կողմի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ըստ Վ. Խաչիկյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Նախորդող հրապարակում՝ Վազգեն Խաչիկյանի գործ. Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց