Մի քանի անհայտ դրվագ՝ Խորեն Աբրահամյանի կյանքից
01/04/2014 17:50

Մի քանի անհայտ դրվագ՝ Խորեն Աբրահամյանի կյանքից

Այսօր դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 84 տարեկան: Դերասան Կարեն Ջանիբեկյանն, դեռ պատանի հասակից է ճանաչել նրան ու հետը մտերիմ էլ մնացել է մինչև վարպետի կյանքի վերջ: Life.panorama.am-ին նա պատմել է Խորեն Աբրահամյանի կյանքից հետաքրքիր դրվագներ, որոնք քչերին են հայտնի:

«Ես ու Խորենը իրար հետ խաղում էինք թատրոնում, ես 15 տարեկան էի, ինքը՝ 22: Էդ տղան այնքան գեղեցիկ մարմին ուներ, իսկական աժդահա էր, ես էլ կողքը իսկական ճլեզ էի: Իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն ինձ «ջարդելն էր», մարմնով հենվում էր վրաս ու ասում էր՝ «Դե դիմադրի», հազիվ էի տակից դուրս գալիս»,- ծիծաղով հիշում է Կարեն Ջանիբեկյանը:

Այս երկու դերասաններին տրված էր միասին անցնելու երկար ուղի, որի ընթացքում քիչ չեն եղել անսպասելի իրադարձություններն ու զավեշտալի դրվագները: Դերասանը հիշում է, որ Խորեն Աբրահամյանը թեև մեքենա ուներ, բայց լավ վարել չգիտեր.

«Խորիկը մի «Նիվա» ուներ,որով էստեղ-էնտեղ էինք գնում: Մի օր ինքը, ես, Ռուդոլֆ Ղևոնդյանն ու Հովակ Գալոյանը նստեցինք էդ «Նիվան» ու գնացինք Լոռվա գյուղերից մեկը՝ մասնակցելու «Տերը» ֆիլմի նկարահանումներին: Ճանապարհին մի գետ կար, որ պետք է անցնեինք, էս «Նիվան» մտավ ջուրը թե չէ՝ մնաց մեջը, առաջ չէր շարժվում, Խորենն էլ չէր կարողանում ջրից դուրս հանել մեզ: Վերջը մենք ինքներս դուրս եկանք մեքենայից, մի քիչ դեսից-դենից խոսեցինք, մինչև որ եկան մեր հետևից»,- պատմում է Կարեն Ջանիբեկյանը:

Հայտնի է նաև, որ Խորեն Աբրահամյանը շռայլ է եղել, սիրել է մոտը խոշոր գումար պահել.

«Էդ առումով Խորենը շատ ֆիքստուլ էր, մտնում էր բուֆետ՝ խոշոր փողով, ռուբլին գցում էր, ասում էին՝ «Մանր չունենք», էլի էր գցում ու էլի՝ խոշոր փող, ու էդպես շարունակ»,- հիշում է դերասան ընկերը: 

Մի քանի անհայտ դրվագ՝ Խորեն Աբրահամյանի կյանքից