«Տոնուսի գործ». Իմ անունից սուտ լուրեր են տարածվել. Զոյա Պետրոսյան
01/04/2014 20:42

«Տոնուսի գործ». Իմ անունից սուտ լուրեր են տարածվել. Զոյա Պետրոսյան

«Տոնուս» շինարարական ընկերությանը խաբեության մեջ մեղադրող բնակարանատերերից Զոյա Պետրոսյանը հանդիպել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պատճառը իր անունից լրատվամիջոցներում տարածված տեղեկություններ են, որոնք «սուտ են եղել»:

«Հասկացանք, ընկել ենք անդունդը, բայց մարդկանց վրա կեղտ շպրտել չի կարելի: Երեկ պարոն Հովսեփյանը ասաց, որ իրենք զբաղվում են մեր հարցով և մենք պետք է մինչև ամսվա 25-ը սպասենք: Մենք հավատում ենք նրա խոսքին»,- ասաց Զ. Պետրոսյանը, նշելով, որ չի բացառվում, որ դատի կտա իր անունից սուտ լուրեր տարածելու համար:

Հիշեցնենք, որ խոսքը Դավիթաշեն երկրորդ թաղամասի 46 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույցի մի շարք բնակարանների մասին է:

Սեփականատերերը պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ և ըստ պայմանագրի` մինչև 2010 թվականի սկիզբը պետք է ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ չեն ստացել, քանի որ իրենց ասվել է, որ ընկերությունը սնանկ է և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:

Նոյեմբերի 14-ին «Տոնուսի» խաբված բնակարանատերերը ներխուժել էին Երևանում գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղերից մեկը, քանի որ Զ. Պետրոսյանի խոսքով՝ բանկը իրենց անընդունելի առաջարկ էր արել:

«Օրեր առաջ մենք հանդիպեցինք բանկի աշխատակիցների հետ, որոնք առաջարկում են գնել մեր բնակարանները` քառակուսի մետրը 900 ԱՄՆ դոլարով: Այն դեպքում, երբ մենք մեր բնակարանների համար արդեն վճարել ենք քառակուսի մետրի համար 400 ԱՄՆ դոլար»,- ասել էր նա:

Այս տարվա մարտի 12-ին բնակարանատերերը հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:

Նախորդող հրապարակում՝ «Տոնուսի» գործ. Պատրաստ ենք դեսպանատների առաջ վրան խփել ու ապաստան խնդրել

«Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասելու են ամենաշատը 2-3 օր

«Տոնուսի գործ». Իմ անունից սուտ լուրեր են տարածվել. Զոյա Պետրոսյան