Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց
02/04/2014 13:18

Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց

Պարտադիր կուտակային բաղադրիչը չպետք է կիրառվի, իսկ արդեն վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց: Այս մասին քիչ առաջ Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Օրենքի տարընթերցման հարց չկա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթները, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասով:

«Նոր իրավակարգավորումներից ելնելով՝ վերահաշվարկի են ենթակա կուտակային բոլոր վճարները: Մինչև սեպտեմբերի 30-ը այդ օրենքում լուրջ փոփոխություններ պետք է արվեն, որոշման մեջ ակնարկներ արվեցին, թե որ երկրում ինչպիսի կարգավորումներ կան, և ըստ այդմ էլ պետք է արվեն այդ փոփոխությունները: Դատարանը օրենքի այդ դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, իսկ վնաս չպարունակելու մասով դրույթները կարող են կիրառվել, որպեսզի իրավական բաց չառաջանա: Մեր դիմումը ամբողջությամբ բավարարված է»,-ասաց նա:

Դիմող կողմի ներկայացուցիչներից Մերի Խաչատրյանին ՍԴ բակում հավաքվածները ծափողջյուններով դիմավորեցին:

«ՍԴ-ի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Դատարանը արտահայտեց իրավական դիրքորոշում, որ դիմող կողմի բոլոր փաստարկները ընդունվել են: Ամբողջ օրենքը պետք է վերանայվի մարդու իրավունքների և ազատությունների կոնտեքստում, վերահաշվարկ է կատարվելու և վճարված գումարները վերադարձվելու են: Այն ենթակա է կատարման, որոշումը պատրասատ կլինի 2 օրից և ՍԴ պաշտոնական կայքում կհրապարակվի, և յուրաքանչյուրը կարող է այն ընթերցել»,-ասաց Մ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Այս օրենքով ՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:

Մինչ այդ նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։

Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Նախորդող հրապարակում՝ Արծվիկ Մինասյան. Մարդիկ պահանջելու են վճարների հետվերադարձ

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները

ՍԴ նիստը շարունակվում է. Դիմող կողմի հիմնական փաստարկները

ՍԴ անդամը՝ Հակոբ Հակոբյանին. Դուք շփոթել եք ՍԴ-ն ԱԺ-ի հետ

 

 

Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց