.jpg)
Բակո Սահակյանն այցելել է Սարուշեն գյուղ, հետաքրքրվել տեղի խնդիրներով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ և հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այստեղ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ Սարուշենն ունի հարմար աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի և Մարտունու շրջանների հետ կապող կարևոր մայրուղու վրա, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղի զարգացման համար:
Երկրի ղեկավարը կարևորել է տեղերում բնակչության նախաձեռնողականությունը` նշելով, որ այն հանդիսանում է ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման նախապայմաններից մեկը:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: