«Սև, դառը շոկոլադ» կամ ներկայացում՝ վերելակում. Lifepanorama.am
02/04/2014 20:27

«Սև, դառը շոկոլադ» կամ ներկայացում՝ վերելակում. Lifepanorama.am

Ապրիլի 15-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում պրեմիերա է. հանդիսատեսի դատին կհանձնվի «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը: Life.panorama.am-ի հետ զրույցում բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ընդգծեց, որ այն առանձնահատուկ գործ է ՝ նախ իր ժանրով. թատերական աշխարհում այն կոչում են ներկայացում՝ անտրակտով, այսինքն՝ մտորումով:

Առաջին գործողությունից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա որոշակի դադարի ընթացքում մտորել ներկայացման մեջ արծարծվող մի շարք հարցերի շուրջ: Պիեսի հիմքում ընկած է այն հարցը, թե, ի վերջո, տղամարդու և կնոջ միջև հարաբերություններում բախումների, կոնֆլիկտների մեղավորն այս երկուսից որ մեկն է: Սուրեն Շահվերդյանն առանձնացրեց պիեսի մի քանի առանձնահատկություն. «Նախ՝ ներկայացումը հիմնված է երգչուհի Էմմա Պետրոսյանի համանուն պիեսի վրա. նա առաջին անգամ է հանդես գալիս որպես դրամատուրգ, և, ասեմ, որ արդյունքը հիանալի է:

Գլխավոր կերպարներից մեկը կկերտի հանդիսատեսին քաջ հայտնի, նույն թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է, իսկ ահա տղամարդու դերում Արամոն է: Նրան հանդիսատեսը կտեսնի բոլորովին նոր կարգավիճակում. այդպիսի Արամո դեռ ոչ ոք չի տեսել»,-հավաստիացրեց բեմադրիչը:

Ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պիեսի գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ հանդիպում են բոլորովին անծանոթ կերպարները՝ կինն ու տղամարդը:  

«Սև, դառը շոկոլադ» կամ ներկայացում՝ վերելակում. Lifepanorama.am