.jpg)
Քառյակի նիստն ավարտվեց. Իշխանությունների հետ վատ բաներ են տեղի ունենում
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը, որի ավարտին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ օրակարգում քննարկվել են համատեղ միջոցառումները և, մասնավորապես, համաձայնության են եկել սկսել մարզային հանրահավաքների շարքը:
Հանրահավաքները սկսելու են Գյումրիից և Վանաձորից, այնուհետև իրազեկման հանրահավաքներ կանցկացվեն նաև Հայաստանի այլ քաղաքներում, սակայն այդ երկու հանրահավաքների օրերը դեռ կհստակեցվեն տեղերում:
Խոսելով Սահմանադրական դատարանի այսօրվա կայացրած վճռի մասին` Ս. Մարգարյանն ասաց, որ առաջիկայում չորս ուժերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան, քանի որ դեռ վճռի տեքստը չունեն.
«Մի բան կարող ենք հստակ ֆիքսել. երբ քաղաքական ուժերն ու հասարակությունը համագործակցում են, արդյունք է լինում»:
Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, ապա Ս. Մարգարյանն ասաց, որ այն կարող է սպասելի արդյունք տալ, քանի որ հստակ է, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ:
«Եթե գործընթացը տապալվի, ապա այլ գործընթացներ են սպասվում երկրում»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Հարցին, թե կլինե՞ն ՀՀԿ-ականներ, որոնք կմիանան այդ գործընթացին, պատգամավորը նշեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն ասաց, որ բոլոր երկրներում էլ իշխանությունների հետ վատ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ նրանք կտրված են լինում իրականությունից: