.jpg)
Զարուհի Պետրոսյան. Ապրիլ ամսին եղանակը կլինի նորմային մոտ
Թեև տարվա այս եղանակին ձյուն կանխատեսելը դժվար է, սակայն «Հայպետհիդրոմետը» համապատասխան կանխատեսումներ արել էր դեռևս հինգ օր առաջ և տեղեկացրել պատկան կառույցներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ընդունելով նաև, որ եղանակային կանխատեսումները բարելավման կարիք ունեն:
Ապրիլ ամսվա համար, բանախոսը կանխատեսեց նորմայի սահմաններում տեղումներ և ջերմաստիճան. «Բացասական ջերմաստիճանի հավանականությունը շատ քիչ է, սակայն դա չի նշանակում, որ այդ երևույթների ռիսկերը մայրաքաղաքում չկան»:
Ըստ նրա՝ առաջիկա օրերին սպասվում է անձրև, լեռնային շրջաններում թաց ձյան հավանականությունը կպահպանվի, հնարավոր է նաև մերկասառույց, բուք և ցածր տեսանելիություն:
Զ. Պետրոսյանը փոխանցեց, որ այս գիշեր լեռնային շրջաններում կանխատեսվում է 7-ից 12 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան տաքության. «Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 2 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը առավելագույն ջերմաստիճանն արդեն կհասնի մինչև 15 աստիճան տաքության»: