.jpg)
ԱՄՆ-ը նոր շունչ է տալիս ՎՈՒԱՄ-ին՝ ՌԴ-ի գազային ճնշումները մեղմելու համար
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի հարցերով խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ իրենք մեծ հույսեր են կապում «Հարավային գազային միջանցքի» հետ, որի միջոցով նախատեսվում է գազ արտահանել Ադրբեջանից դեպի Թուրքիայի և Եվրոպա:
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է մեծ աշխատանքներ իրականացնեն էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի համար: Քերրի հայտարարությունը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ, քանի որ թե Ուկրաինան, թե ԵՄ-ի երկրների մեծամասնությունը էներգետիկ զգալի կախվածություն ունեն ռուսական գազից:
Մոսկվան իր «գազային դիվանագիտությունը» միշտ էլ օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար և այժմ էլ Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելու համար ռուսական կողմը շեշտը դնում է Կիևի համար գազի գնի բարձրացման վրա:
Արդեն այս տարվա մայիսի 1-ից ռուսական գազի գինը բարձրանալու է Ուկրաինայի համար 50 %-ը: Ուկրաինայի նոր իշխանությունները ցանկանում են նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, որպեսզի ավելի անկաշկանդ ուղղեն իրենց արտաքին քաղաքական ուղենիշը Արևելքից դեպի Արևմուտք՝ ԵՄ-ին և հնարավորության դեպքում նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը կապված է նաև ԵՄ-ի իր գործընկերների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ռուսական կողմի նկատմամբ Ղրիմի հանրաքվեից հետո որդեգրած մեղմ կամ ավելի հավասարակշռված դիրքորոշման հետ: Դա բացատրվում է գերմանական և ֆրանսիական բիզնես շրջանակների՝ իրենց կառավարություններին ուղղված ճնշումների հետ:
Բեռլինը և Փարիզը չեն ցանկանում կորցնեն ռուսական շուկան և առճակատվեն Կրեմլի հետ: ԱՄՆ-ն փորձում է ապահովել ԵՄ-ի, այդ թվում դեպի եվրոատլանտյան կառույցները ձգտող Ուկրաինայի էներգետիկ անկախությունը կամ մեղմացնել ռուսական գազային ճնշումները:
Այս պարագայում Ադրբեջանը կարող է դառնալ կասպյան ավազանից գազի առաքման՝ Ղազախստանի և Թուրքմենստանի համար տարանցման ուղիներ տրամադրելով, ինչպես նաև սեփական գազի պաշարները՝ «Շահ Դենիզ» հանքավայրից ԵՄ արտահանելու կարևոր գործոն: Ադրբեջանը այս պարագայում կարող է օգտագործվել որպես «հումքային բազա»՝ Ուկրաինային ռուսական գազային ճնշումներից ձերբազատելու համար:
Ադրբեջանական կողմը միշտ էլ հայտարարել է իր պատրաստակամության մասին մասնակցելու ԵՄ-ի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացին և առաջարկել եվրոպացիներին իր էներգակիրները՝սեփական բյուջեն համալրելու տրամաբանությունից ելնելով:
ԱՄՆ-ը այս պարագայում ակտիվացնում է ՎՈՒԱՄ-ի՝ (Վրաստան,Ուկրաինա,Ադրբեջան,Մոլդովա) քաղաքական առանցքի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա: Վերջինս այժմ դիտվում է Արևմուտքում որպես յուրահատուկ հակառուսական պատվար՝ Մոսկվայի օրեցօր ավելացող աշխարհաքաղաքական նկրտումների ճանապարհին:
ՎՈՒԱՄ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանը և Վրաստանը շարունակում են ռազմավարական համագործացկությունը էներգետիկ-կոմունիկացիոն ոլորտներում՝գազամուղեր, նավթամուղեր, ավարտական փուլում է գտնվում Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, իսկ Մոլվոդան և Ուկրաինան էլ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրերի տակ դրել են իրենց ստորագրությունը:
Այսպիսով, ԱՄՆ-ը վերակենդանացնում է ՎՈՒԱՄ-ը, որպեսզի նվազեցնի ռուսական ազդեցությունը հետխորհրդային այդ երկրների վրա, իսկ ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները կփորձի օգտագործել՝ ռուսական գազից ԵՄ-ի և Ուկրաինայի էներգետիկ կախվածությունը մեղմելու և հավասարակշռելու համար: