«Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են քաղաքական գնահատականներից»
04/04/2014 12:41

«Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են քաղաքական գնահատականներից»

Այսօր Երևանի թիվ 42 միջնակարգ դպրոցում նշվեց ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի 200-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ:

«Այսօր այս դպրոցում բացվում է Տարաս Շևչենկոյի անվան հիանալի դասարան: Կարծում եմ, որ նման միջոցառումները մեծ ներդրում են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման մեջ»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի ներկայացուցիչ Իգոր Ռոմանն՝ ընդգծելով.

«Համոզված եմ՝ այն իդեալներով, որոնք ուներ Տարաս Շևչենկոն կմեծանան մեր սերունդները: Նրանք միշտ կհիշեն այն ընկերության մասին, որը կապում է մեր երկու եղբայրական ժողովուրդներին»:



Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են տարաբնույթ քաղաքական գնահատականներից, այդ հարաբերություններն ունեն երկարամյա և հարյուրավոր տարիների պատմություն:



«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ուկրաինացի մեծ գրող, հրապարակախոս, գործիչ, բանաստեղծ Շևչենկոյի անվան դպրոց: Այս դպրոցի առկայությունը և մեր այսօրվա միջոցառումն ու տոնակատարությունը վկայություն են այն բանի, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականաում ոչինչ չի սպառնում»,- ասաց Արմեն Աշոտյանն՝ ավելացնելով.

«Այդ հարաբերությունները լոկ անցյալ չեն, ոչ էլ այսօրվա մի քիչ մառախլապատ քաղաքական ներկան: Այդ հարաբերություննեն իրականում ապագա են, որովհետև որքան էլ քաղաքական տարաբնույթ գնահատականներ և խնդիրներ առաջանան, այնուամենայնիվ մեր ժողովուրդների միջև երբեք չի եղել, չկա և չի լինելու որևէ խոչընդոտ, որը ստվեր նետի հայ-ուկրաինական բարեկամության վրա»:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության.
«Ու ցանկանում եմ, որ խաղաղությունը հասնի այնտեղ օր առաջ»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նշենք, որ միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրեցին դրվագներ Տարաս Շևչենկոյի կյանքից, ստեղծագործություններից, ինչպես նաև կատարեցին ուկրաինական ժողովրդական երգեր:







«Հայ-ուկրաինական հարաբերությունները վեր են քաղաքական գնահատականներից»