04/04/2014 14:34
Ադրբեջանի թալիշաբնակ շրջանները Ղրիմի օրինակով հնարավոր է անջատվեն
«Ադրբեջանի թալիշաբնակ շրջանները Ղրիմի օրինակով հնարավոր է անջատվեն»,-այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում անելով ադրբեջանական «Գյունդում խաբար» օրաթերթում թողարկված հոդվածին, մասնավորապես նշում է. «Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միանալուց հետո Ադրբեջանում նոր գործընթացներ են հասունանում. Մասնավորապես՝ քննարկվում է Ադրբեջանի հյուսիսային շրջանները՝ Ռուսաստանին միանալու հնարավորության մասին»:
Հոդվածի հեղինակը, մատնանշելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ վերջերս կազմակերպված միջազգային կոնֆերանսները, նշել է. «Չի բացառվում, որ մի օր Ռուսաստանը Ղրիմի սցենարը իրականացնի նաև Ադրբեջանում: Ղրիմում տեղի ունեցած գործընթացների համատեքստում հնարավոր է Ադրբեջանի հարավային՝ թալիշաբնակ շրջանները ևս անջատվեն»:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարին Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալի Աքրամ Հումմաթովը Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած «Խաղաղությունը և համակեցությունը Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի թալիշների խնդիրներին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանը մինչ այժմ չի վավերացրել ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան: Թալիշներն իրենց պատմական հայրենիքն ազատագրելու համար ընտրել են խաղաղ և ժողովրդավարական պայքարի ձևը և Թալիշստանի ազգային շարժումն աշխատում է միայն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»։
Շարունակելով խոսքը՝ Հումմաթովը հավելել էր. «Թալիշ անվանումն Ադրբեջանում տաբուի է վերածվել. Ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ները Թալիշիստանի փոխարեն օգտագործում են «Հարավային տարածաշրջան» եզրույթը. ավելին՝ դպրոցական դասագրքերում «Թալիշական խանություն» եզրույթի փոխարեն գործածվում է «Լանքարանի խանություն» անվանաձևը: Իրենց ազգային մշակույթն ու պատմական ժառանգությունը պահպանելուն ուղղված թալիշների կողմից կատարվող ցանկացած քայլ «անջատողականի» պիտակ է ստանում»:
«Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են այդ երկրի հարավային շրջաններում հիմնել թալիշական դպրոցներ և թալիշերեն լեզվով ռադիոհեռուստատեսություն։ Թեև պաշտոնական Բաքուն թալիշների թիվը քիչ ներկայացնում, այնուամենայնիվ Ադրբեջանում ջուրջ 1.5 միլոն է թալիշ է ապրում: Չնայած թալիշների մեծաքանակ բնակչությանը՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց ողջ ջանքերը գործադրում են, որպեսզի թալիշները տեղ չգտնեն երկրի ընդհանուր ժողովրդի կազմում. Ադրբեջանը փորձում է բնաջնջել թալիշներին, ոչնչացնել՝ նրանց մշակույթը»,- հայտարարել էր Թալիշ-Մուղանյան հանրապետության (1993թ.) նախագահ Ալի Աքրամ Հումմաթովը:
Հավելենք, որ ավելի վաղ՝ 2013թ, հոկտեմբերին, Ալի Աքրամ Հումմաթովը այցելել էր Հայաստան և Արցախ. ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ունեցած ելույթի ժամանակ թալիշ ազգային գործիչը, անդրադառնալով Ադրբեջանում թալիշների խնդիրներին, մասնավորապես նշել էր. «Թալիշներն Ադրբեջանում զրկված են իրենց տարրական իրավունքներից: Մեզ՝ թալիշներիս, չեն հարգում, մեզ ոչնչացնում են, մեր հանդեպ վարում են ձուլման քաղաքականություն, իսկ այնուհետև հայտարարում, թե մենք եղբայրներ ենք. Դա պարզապես անտրամաբանական է: Մենք ուզում ենք գրել, կարդալ մեր մայրենի լեզվով, ի պատասխան մեր պահանջներին, նրանք (Ադրբեջանի իշխանությունները) բացահայտ հայտարարում են, դուք՝ թալիշներդ, ապագա չունեք, դուք պետք է ձուլվեք»:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե եթե պատերազմի լինի, ապա կրկին կհայտնվե՞նք խրամատների տարբեր կողմերում, թալիշ ազգային գործիչը նշել է. «Աստված չանի: Ես չեմ ցանկանում, որ թալիշները մասնակցեն այդ պատերազմին: Ես այստեղից կոչ եմ անում: Դա չի լինի մեր պատերազմը: Դա մեզ պետք չէ: Ես դիմում եմ նաև մյուս բոլոր ժողվուրդներին: Ինչո՞ւ վտանգի ենթարկել Աստծո տրված կյանքը մի պատերազմում, որը մեզ ոչինչ չի տա»: