.jpg)
«Մեր պրոբլեմը վարչապետի պրոբլեմ չի, այլ քաղաքական համակարգի պրոբլեմ է»
«Մեր տնտեսական, քաղաքական կյանքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Երբ այս կառավարությունը 2009 թ-ին շռնդալից ծրագիր ընդունեց՝ խոստանալով տնտեսական աճ՝ 10 տոկոս, գրանցվեց անկում` 15 տոկոս: Երկար տարիներ եվրոպական համակարգի հետ ներդաշնակեցման ծրագիրն էին մշակում և հանկարծ «աքաղաղը կանչեց» և շրջադարձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ շեշտեց, որ բուն հրաժարականի վերաբերյալ անտարբեր է:
Բանախոսը նաև խայտառակ բացասական գնահատեց այն, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո դարձավ ՀՀԿ անդամ, այս դեպքում՝ «չկա քաղաքական ուժ, որ նրան պատասխանատու համարի առկա գործընթացների համար», քանի որ «Հանրապետական կուսակցությունը ոչ մի բան համար պատասխանատվություն չի կրում»:
Այս ուղիով ընթանալիս՝ Բագարտ Ասատրյանի համոզմամբ, կգնահատեն անձերին` վատ կամ լավ` ու ճանապարհ կդնեն. «Մեր պրոբլեմը վարչապետի պրոբլեմ չի, մեր պրոբլեմը քաղաքական համակարգի պրոբլեմ է, իշխող քաղաքական ուժի պրոբլեմ, որ նոմինալ անվան տակ հավաքել է փողատերերի»:
Տնտեսագետը նաև հիշեցրեց, որ 2008 թ-ի Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11 916 մլրդ դոլար, 2013թ-ի ՀՆԱ-ն 10 300 մլրդ դոլար էր` մոտ 10 տոկոս անկում է արձանագրվել: «Մենք բոլորս աղքատացել ենք, 2008 թ-ին մեր երկիրն ուներ բազմաթիվ պրոբլեմներ, որոնցից ոչ մեկը չի լուծվել, այսօր շատ ավելի շատ պրոբլեմներ կան և սուր են, քան եղել է 5 տարի առաջ»,- շեշտեց ԿԲ նախկին նախագահը: