04/04/2014 20:50
Վերածենք աղբանոցը խաղահրապարակի. Լուսանկարներ (Տեսանյութ)
Այսպիսի խորագիրը կրող յուրօրինակ մի ակցիա էին օրերս կազմակերպել Երևան քաղաքի Տիմիրյազևի ու Պոպովի փողոցների բնակիչներն, ովքեր իրենց խնդրանքն են ներկայացնում Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ով դեռևս Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին է նրանց խոստացել բակում խաղահրապարակ կառուցել:
Ակցիայի նախաձեռնողն էր բնակիչներից տիկին Գայանեն, ով Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բակի երեխաները խաղալու տեղ չունեն:
Բնակիչների պնդմամբ` խաղահրապարակի մասին խոսակցությքունները դեռ վաղուց են սկսել շրջանառվել, բայց տարածք տրամադրելու մասին ընդհանրապես խոսակցություններ չկան, փոխարենը սակայն, տարածքն իրենք` բնակիչներն են ընտրել և նախաձեռնում են Երևանի քաղաքապետարան դիմում –խնդրանք ներկայացնել: «Ժամանակին մեր երեխաները կարողանում էին իրենց ազատ ժամանակն անցկացնել Կարմիր-Բլուրում կամ դրա հարակից տարածքում, բայց այնտեղ արդեն վտանգավոր է. օձեր, կարիճներ, թափառող շներ, առնետներ, իսկ հուշակոթողի հարակից տարածքը վերածվել է աղբանոցի: Բակում խաղալ պարզապես հնարավոր չէ` մենքենաներ են անցուդարձ անում, հարևանների անդորրն են խանգարում: Երեխաներն ուր գնում են խաղալու` քշում են, վիճում նրանց հետ, բայց երեխաներին էլ է պետք հասկանալ, խաղալ են ուզում»,- նշեց բնակիչներից տիկին Զեմֆիրան, ով մասնագիտությամբ նաև մանկավարժ է:
Բնակիչների խոսքով, իրենք այս ընթացքում չեն դիմել ոչ մի պետական կառույցի` ոչ թաղապետարան, և ոչ էլ առավելևս` քաղաքապետարան, բայց հեռակա կարգով միշտ ակնարկել են խաղահրապարակ կառուցելու մասին: «Երկու անգամ ավագանու ընտրությունների ժամանակ բարձրաձայնել ենք այս մասին: Ասել են` տարածք գտեք, խաղահրապարակը կկառուցենք, բայց ոչ խոստումը կա, ոչ էլ խոստումներ իրականացնողը: Այդ խոստումները մնացել են պարզապես թղթի վրա»,- ասաց բնակիչներից տիկին Նելլին, ով մեզ հետ զրույցում նշեց նաև, որ հարևանները երբ դուրս են գալիս զբոսանքի` նստարանների փոխարեն նստում են տարածքում տեղադրված բետոնե սալիկին, իսկ երեխաները խաղում են ժանգոտված ու տեխնիկական ցնցոտի հիշեցնող մի քանի մեքենաների վրա: «Բացի այն, որ երեխաները խաղալու տեղ չունեն, մեծահասակներն էլ գալիս են այստեղ ու նստում այս սալիկի վրա: Տարածքն ամբողջությամբ պատված է աղբով: Անցորդները գալիս տեսնում են ամայի, անտեր տարածք է, աղբը նետում, գնում են: Իսկ եթե մաքրեն, մի երկու ճոճորան ու սղարան տեղադրեն, նստարաններ դնեն` մարդիկ կգան, կնստեն, իրանց օրը հետաքրքիր կկազմակերպեն, աղբ էլ չեն նետի: Ոչ թե անտեր թողել են, տարածքն էլ վերածել են աղբանոց-առնետանոցի»,- հավելեց նա` նշելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր նախընտրական քարոզի շրջանակներում ասել է, որ միմյանիցի տարբերակել պետք չէ քաղաքի կենտրոնն ու ծայրամասը: «Հիմա սա էլ քաղաքի կենտրոն չի, բայց անտեր էլ չի»,- ասաց բնակիչներից մեկ ուրիշը:
Փոքրիկ Օլգան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ փողոցում խաղալու համար անհարմարությունները շատ են: «Շատ կցանկանամ, որպեսզի այստեղ կառուցվի խաղահրապարակ, որտեղ կլինեն սղարաններ, ֆուտբոլի կամ վոլեյբոլի դաշտ»,- ոգևորված մանրամասնեց նա` նշելով, որ մեծ խնդրանքով դիմում է քաղաքապետ ՏարոնՄարգարյանին, հուսալով, որ նա իրենց բակում վերջապես մի խաղահրապարակ կկառուցի:
Բնակիչները նաև դեմ չեն, որ մասնակցեն թե խաղահրապարակի կառուցման աշխատանքներին, և թե տարածքի մաքրման գործընթացին: Բնակիչներից Արփինեն էլ իր հերթին հավելեց, որ անհրաժեշտության դեպքում բնակիչներն էլ իրենց փոքրիկ նյութական աջակցությունը կտրամադրեն, եթե իհարկե այդ տարածքը Երևանի քաղաքապետարանը տրամադրի ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները նախաձեռնի:
Ի դեպ, բնակիչների պնդմամբ, ըստ շրջանատվող լուրերի այդ տարածքն այժմ վարձակալությամբ տրամադրված է ինչ-որ անհատի, ով այդ տարածքում այժմ մասնակի մաքրման աշխատանքներ է իրականացնում, իսկ թե ինչ նպատակներ է նա հետապնդում` բնակիչներն այդ մասին տեղյակ չեն: Տեղյակ չեն նաև, թե ով է այդ խորհրդավոր անձնավորությունը: «Դրանք խոսակցություններ են, որոնք հաստատված չեն: Բայց լսել ենք, որ նա ինչ-որ ծրագրեր ունի»,- նշեց բնակիչներին Արմանը` հավելելով, որ բնակիչների պահանջն է իրենց երեխաներին ազատել «կալանավորի» կարգավիճակից: