.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանի համար վարչապետի հրաժարականն անսպասելի էր
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մեծ փոփոխությունների նախաշեմին ենք: Մյուսների պես պայծառատես չեմ, և ինձ համար ոչ թե սպասելի էր, այլ` անսպասելի: Մոդա է ասել՝ սպասելի էր: Սպասելի չէր, և դա ցույց է տալիս, որ կան ընդհատակյա գործընթացներ, կան ճաքեր, և եթե քաղաքական և քաղաքացիական դաշտը միանա, մոտ ապագայում կունենանք մեծ փոփոխություններ»,-լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե վարչապետի հրաժարականը ինչպե՞ս կանդրադառնա քառյակի հետագա գործունեության վրա, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը քիչ հետո ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հետ հանդիպում կունենա և դրանից հետո կխոսի:
Դիտարկմանը, թե ո՞վ կլինի վարչապետի հաջորդ թեկնածուն, Ր. Հովհաննիսյանը որևէ անուն չտվեց, ապա ավելացրեց, որ իշխանությունը վերից վար պետք է փոխվի:
Նշենք, որ ոչ իշխանական ուժերը պատրաստվում էին ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնել:
Նախորդող հրապարակում` Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված