Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին Քեսաբի շուրջ. Վերլուծական
04/04/2014 19:00

Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին Քեսաբի շուրջ. Վերլուծական

Ըստ արաբական «Al-Akhbar.com» կայքի`  վերջին օրերի ընթացքում մեծ թվով իսլամականներ են տեղափոխվել Հորդանանից Թուրքիայի Հաթայի շրջան: Վերջիններս Ամմանի հյուսիսում տեղակայված «Ռուսայֆա» ռազմական ճամբարում պատրաստություն անցած զինյալներ են (սաուդցի, հորդանանցի և այլն), ովքեր անմիջապես նետվել են Լաթաքիայի հյուսիսում տեղի ունեցող մարտերին մասնակցելու:

Այս տեղեկությունը վկայում է այն մասին, որ Քեսաբի շուրջ տեղի ունեցող մարտերում ընդդիմադիրները զգալի կորուստներ են կրում: Այս պահին Լաթաքիայի հյուսիսում ռազմական գործողություններ են ընթանում սիրիական բանակի և ընդդիմադիր զինյալների միջև: Թուրքիայի կողմից Քեսաբի վրա ռազմական հարձակման առաջնագծում են եղել իսլամական արմատական «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Հարաքաթ Անսար աշ-Շամ», «Քաթաիբ ալ-Իսլամ», «Ջաբհաթ Թհաուր Սուրիա» և այլ խմբավորումներ: Հավանաբար այստեղ գործել են նաև որոշ ընդդիմադիր այլ ուժեր («Իսլամական Ճակատի» և «Սիրիայի ազատ բանակի» որոշ ստորաբաժանումներ), ինչը պարզ դարձավ հատկապես վերջին օրերին արաբական ԶԼՄ-ներում «Սիրիայի ազգային կոալիցիայի» առաջնորդ Ահմադ Ջարբայի Լաթակիայի հյուսիսում ռազմական գործողությունների շրջան այցելության կադրերից:

Զինյալները շարունակում են ռազմական, ֆինանսական և մարդկային աջակցություն ստանալ Թուրքիայի տարածքից: Դա է պատճառը, որ այս պահին զինյալների կողմից շարունակվում են մարտերը Քեսաբի հարակից ռազմավարական կարևոր բարձունքների համար, իսկ սիրիական կառավարական ուժերի կողմից Քեսաբի ազատագրման մարտերը դեռևս հետաձգվել են: Ընդդիմադիրների շրջանում շատ են հիմնականում կովկասցի իսլամականները, հատկապես չեչեն զինյալները, որոնք ունեն ռազմական լուրջ պատրաստություն և նման բարձրադիր վայրերում կռվելու փորձ: Վերջին տվյալներով 45-րդ դիտակետը ազատագրվել է սիրիական կառավարական ուժերի կողմից, սակայն բարձունքը վերանվաճելու իսլամականների փորձերը դեռ շարունակվում են՝ տալով զգալի կորուստներ (երեկ տարածված տեղեկատվության համաձայն, այստեղ զոհվել է իսլամականների առանցքային լիդերներից Աբր Զահմ ալ-Մաղրիբին):

Բացի 45-րդ դիտակետի շուրջ ընթացող մարտերից, զինյալ խմբավորումները փորձում են ամրապնդվել միջերկրածովյան ափամերձ տարածքներում: Ընդդիմադիր զինյալները ակտիվացրել են ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբի շրջանում, որն անմիջապես սահմանակից է Լաթակիային: Պետք է նշել, որ Իդլիբի շրջանից նույնպես ընդդիմադիր զինյալներին աջակցություն է եղել Լաթակիայի հյուսիսի վրա հարձակման ժամանակ, որը շարունակվում է նաև այսօր: Սա հնարավորություն է տալիս Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերին որոշակի ուժեր կուտակել հենց Իդլիբում՝ չկարողանալով ներգրավվել Լաթակիայի հյուսիսում ընթացող մարտերին:

Հաշվի առնելով Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիայի կարևոր ռազմավարական դիրքն ու այստեղ կուտակված երկկողղմանի ռազմուժը՝ այստեղ մարտերը դեռ կշարունակվեն:

Նախորդող հրապարակում` Լաթաքիայի հյուսիսում թեժ մարտեր են ընթանում

Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին Քեսաբի շուրջ. Վերլուծական